Monday, March 8, 2010
ԱՐՁԱՆԱԳՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՎԱՎԵՐԱՑՈւՄՆ ԱՆՀՆԱՐ Է` ԱՍՈւՄ ԵՆ ԹՈւՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Report.am. 8-3-2010- Թուրքիայի Մեժ ազգային ժողովի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության անդամ, ՆԱՏՕ-ի խմբի ղեկավար Վախիդ Էրդեմը ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և դրա հնարավոր ազդեցությանը Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների ճակատագրի վրա:
«Մենք առաջարկել էինք պատմաբանների հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրելու 1915 թվականի դեպքերը: Պատմական իրադարձությունների վերաբերյալ որոշումներ կայացնելը խորհրդարանների գործը չէ: Խորհրդարանները քաղաքական մարմիններ են և դրանց գործը օրենքներ ստեղծելն է, այլ ոչ թե պատմությանը գնահատականներ տալը: Այդ պատճառով Ներկայացուցիչների պալատի կողմից, առանց միջազգային մասշտաբի պատմական ուսումնասիրություններ կատարելու, նման որոշում կայացնելը վնաս է հասցնում Կոնգրեսի հանդեպ վստահությանը: Այս խաղին պետք է վերջ դրվի: Մենք միմյանց համար շատ կարևոր երկրներ ենք»,- ասել է պատգամավորը:
Ինչ վերաբերվում է արձանագրություններին, ապա թուրք պատգամավորի կարծիքով՝ դրանք չեն կարող հաստատվել խորհրդարանի կողմից:
«Թուրք պատգամավորները չեն կարող քվեարկել արձանագրությունների օգտին նման պայմաններում: Չնայած այս պահը արտացոլում չի գտել արձանագրություններում, բայց պատճառը Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի շարունակումն է: Մենք փակել ենք սահմանները հենց այդ օկուպացիայի պատճառով: Թուրքիայի Մեծ ազգային ժողովում արձանագրությունների վավերացումն անհնար է»,- եզրակացրել է Էրդեմը:
Թղթակցի հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ քայլեր կատարեն, խորհրդարանի ՆԱՏՕ-ի խմբի ղեկավարը պատասխանել է. «Իսկ մի՞թե Ադրբեջանն ու Թուրքիան միասին չեն: Այս կապակցությամբ Հեյդար Ալիևը գտել էր հրաշալի բանաձև. «Մեկ ազգ - երկու պետություն»: Ուրիշ ի՞նչ կարելի է ասել: Մենք փակել ենք սահմանը մեր եղբայրական երկրի տարածքների օկուպացման համար: Քանի դեռ ադրբեջանական հողերը օկուպացված են, մեր ձեռքը չի բարձրանա կողմ քվեարկել այդ փաստաթղթերին»:
Իսկ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայկալը պահանջել է ետ կանչել արձանագրությունները խորհրդարանից: Նա ասել է, որ Թուրքիայի իշխանությունները հուսով էին արձանագրությունների ստորագրման միջոցով մեղմացնել ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Այդ հույսերը չարդարացան: Ստորագրված արձանագրություններh այլևս ոչ մի օգուտ չեն բերի ԱՄՆ-ում Ցեղասպանության քննարկումները խոչընդոտելու, Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից»,- հավելել է Բայկալը:
No comments:
Post a Comment