Saturday, March 13, 2010

Պետդեպի զեկույցը կրկին քննադատում է Հայաստանի իշխանություններին

Tert.am. 12-3-2010- Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է Մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը։ Զեկույցի հեղինակներն անդրադարձել են աշխարհի բոլոր երկրներում մարդու իրավունքների խախտման կոպիտ դեպքերին, բռնարարքներին, խոսքի ազատության նկատմամբ ոտնձգություններին, լրագրողների սպանություններին և հետապնդումներին։ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին։ Մասնավորապես, նշվում է, որ 2009թ. Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ իշխանությունները սահմանափակել են քաղաքացիների իրավունքները։ Զեկույցի հեղինակները նաև նշում են, որ Հայաստանի իշխանությունները հետապնդել են ընդդիմադիրներին, ձերբակալել նրանց քաղաքական գործունեության համար։ «Իշխանությունների կողմից շարունակվել են ոտնձգությունները և բռնությունները ընդդիմադիրների նկատմամբ, օգտագործվել են բյուրոկրատական միջոցներ ընդդիմությանը վախեցնելու համար։ Իշխանությունները ուժի կիրառմամբ ցրել են բողոքի ցույցերը և կալանավորել ցուցարարներին։ Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, որոշ դեպքերում չի ապահովվել լիարժեք նախաքննական և դատական գործընթաց։ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը մարդու իրավունքների ոտնահարման համար չեն պատժվել։ Իշխանությունները զրկել են քաղաքացիներին արդար դատավարության իրավունքից»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում։ Բացի այդ, զեկույցում հիշատակվում են լրագրողների հետապնդման, մարդկանց խմբերը ցրելու դեպքերը, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանափակումները։ «Իշխանությունները ջանքեր չեն գործադրել երկրում տարածված կոռուպցիայի դեմ պայքարելու համար»,- հաղորդվում է զեկույցում։

No comments:

Post a Comment