Saturday, March 13, 2010

Ռազմատենչ հայտարարությունները միայն խանգարում են Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին

/PanARMENIAN.Net/ 12.03.2010- Ռազմատենչ հայտարարությունները միայն խանգարում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին եւ բանակցային գործընթացին: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth 73-րդ սեմինարում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «Տարիներ շարունակ ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հասնել խաղաղության, ոչ թե` պատերազմի, եւ ռազմաշունչ հայտարարությունները միայն խոչընդոտում են կողմերին հասնել հակամարտության կարգավորման»,-ասել է ֆրանսիացի միջնորդը: Ինչպես նշել է Բերնար Ֆասյեն, ուժի կիրառումը կամ պատերազմը հակամարտությունը լուծելու ճանապարհ չէ: «Եկեք պատկերացնենք, որ Ադրբեջանը ռեւանշի է գնում եւ պատերազ է սկսում: Ի՞նչ հետեւանքներ դա կունենա: Պատերազմը, որը կվարի Ադրբեջանը, լիովին ֆինանսավորվելու է նավթից ու գազից ստացված միջոցներով: Եթե Բաքուն պատերազմ սկսի, օտարերկրյա կորպորացիաները հազիվ թե հետո ցանկանան ներդրումներ անել այդ երկրում»,-ասել է միջնորդը: Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդները նույն տարածաշրջանում են ապրում, կողք կողքի եւ դա հնարավոր չի փոխել, նշանակում է` նրանք պետք է հաշտվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

No comments:

Post a Comment