Thursday, March 4, 2010
Դավութօղլուն ամերիկյան վարչակազմից մեսիջ է սպասում
Tert.am. 4-3-2010- Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը տապալվելու է: Այս մասին, CNNTurk-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
«Հուսով ենք` բանաձևը կտապալվի հանձնաժողովում: Ակնկալում ենք, որ այդ ուղղությամբ ամերիկյան վարչակազմը կուղարկի անհրաժեշտ մեսիջը: Իսկ եթե ընդունվի բանաձևը, անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի այն չընդգրկվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում: Որևէ առողջ տրամաբանության շրջանակում չի տեղավորվում աշխարհի և տարածաշրջանի խաղաղության համար այսչափ ներդրում ունեցած երկրին անհանգստացնող որոշման ընդունումը: Հարկ է, որ բոլորը դա իմանան և նկատի ունենան: Հուսով ենք, որ հանձնաժողովի անդամները նման սխալ չեն գործի»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Դավութօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդգծել է, որ երկու երկրների միջև ներկա պահին առկա է պատմության ընթացքում ամենասերտ համագործակցությունը տարբեր մակարդակներում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը չի մոռացել նաև Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման մասին` ևս մեկ անգամ հայտարարելով, որ այդ որոշումը «հակասում է Արձանագրությունների տառին և ոգուն»:
Ահմեթ Դավութօղլուն, ամերիկացի օրենսդիրներին կոչ անելով քվեարկելուց առաջ մտածել թուրք-ամերիկյան և հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին` հայտարարել է. «Փորձել ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, նշանակում է չճանաչել Թուրքիային»:
No comments:
Post a Comment