Wednesday, March 10, 2010
Guardian: Թուրքիան նախևառաջ պետք է ինքն իրեն հայելու մեջ նայի
Panorama.am. 10-3-2010- Արևմտյան մամուլը շարունակում է նրբանկատ տոնայնությամբ քննադատել կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո թուրքական իշխանությունների բուռն քայլերն ու հայտարարությունները, փորձելով խելքի բերել հիսթերիայի գիրկն ընկած Թուրքիային:
Այս անգամ բրիտանական Guardian թերթը հանդես է եկել «Թուրքիան նախևառաջ պետք է ինքն իրեն հայելու մեջ նայի» վերտառությամբ հոդվածով:
Վերլուծելով Ներկայացուցիչների տան հանձնաժողովի կողմից Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման պատճառները, հոդվածագիրը տեղի ունեցածում մեղավոր է ճանաչում հենց Թուրքիային: «Ներկայացուցիչների Տան հանձնաժողովի կողմից բանաձևի հաստատումը պայմանավորված է Թուրքիայի կողմից բաց թողած երեք գործոններով:
Առաջինը` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խոստումնալից համաձայնագիր ստորագրելով, Թուրքիան ձախողեց ավարտին հասցնել գործընթացը: Երկու երկրների միջև հարաբերություններում տեղաշարժ չի արձանագրվել այն պատճառով, որ Թուրքիան շարունակում է կարգավորման գործընթացը կապել ԼՂ հակամարտության և այնտեղից հայկական զորքերի դուրս բերման հետ»:
Երկրորդ գործոնը, ըստ թերթի, դա Թուրքիայի անկորողությունն էր Իսրայելի հետ հարաբերությունները պահել նախկին մակարդակի վրա: Թուրքիան մշտապես քննադատում էր իսրայելական իշխանություններին, ինչի արդյունքում ԱՄն-ում հրեական կազմակերպությունները Ցեղասպանության բանաձևի կասեցման գործում նախկինի նման չսատարեցին թուրք լոբբիստներին:
«Երրորդը և գուցե ամենակարևորը` այն է, որ Թուրքիան հայտնվել է ներկայիս իրավիճակում, քանի որ այդպես էլ չի ցանկացել իր համար պարզել, թե 1915-թին ինչ է տեղի ունեցել օսմանյան հայերի հետ: Այն գաղափարը, որ իրենց նախնիները ցեղասպանություն են իրականացրել, ծայրաստիճան նյարդայնացնում է թուրքերին նաև այն պատճառով, որ այդ երկրում պատմական ճշմարտությունը պարզելու հնարավորություն չկա: Դասագրքերը խեղաթյուրված են, իսկ քաղաքական գործիչները ձայներ կորզելու համար պատրաստ են գործի դնել ազգայնականներին»:
Հոդվածի վերջում հեղինակը բարձր է գնահատում Թուրքիայի տարածաշրջանային դերակատարությունը, նշելով սակայն, որ Թուրքիան որպես միջնորդ և խաղաղաություն ու անվտանգություն խթանող տերություն դեռ երկար ճանապարհ ունի անցնելու և հասունանալու թե դիվանագիտական, թե քաղաքական առումներով:
«Բանաձևի հավանությունը Վաշինգտոնում մտորելու առիթ պետք է հանդիսանա Թուրքիայի համար: Հայաստանի հետ հարաբերությունները վերջնական կարգավորելով, Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշում որդեգրելով, և վերջապես վերջ դնելով 1915 թ-ին տեղ գտած դեպքերի ժխտման քաղաքականությանը Թուրքիան մեծապես կբարելավի իր համաշխարհային ընկալումը և ունակությունները կայունացնելու աշխարհի ամենաանկայուն տարածաշրջանը», - եզրափակում է հոդվածագիրը:
No comments:
Post a Comment