Friday, April 16, 2010

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՄՈԶՈ՞ՒՄ ԵՆ

«ԱԶԳ», 16-04-2010- «Ազգը» -ը երեկ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին` արված այդ երկրի կառավարության նիստի ընթացքում: Ալիեւը արդեն որերորդ անգամ շեշտեց, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա. «Նախ պետք է հայերը զորքերը հանեն, ապա ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան ազատագրված բոլոր տարածքներ, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղ, ինչից հետո նոր կարող է որոշվել ԼՂ-ի կարգավիճակը, որը հնարավոր է միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանը երբեք չի համաձայնի այդ շրջանակից դուրս որեւէ կարգավիճակի, իսկ առանց մեր համաձայնության ոչ ոք չի ճանաչի ԼՂ-ն», նշել էր Ալիեւը : Այս ամենը, «փաստորեն», արտացոլված է նաեւ «նորացված» մադրիդյան սկզբունքներում, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր Բաքուն համաձայնել դրանց: Ի դեպ, Ալիեւը նշել է նաեւ, որ «մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա արված առաջարկներում» Ադրբեջանի համար անհանգստացնող պահեր շատ քիչ կան. «Շատ քիչ բացառություններով` այդ առաջարկը պետք է ընդունվի որպես հիմք, եւ այդ հիմքի վրա պետք է խաղաղության համաձայնագիր պատրաստվի», ասել է Ալիեւը: Իսկ Հայաստանը, Ադրբեջանի նախագահի խոսքերով, արհեստականորեն ձգձգում է բանակցությունները. «Նրանք փորձում են վերադառնալ որոշակի փուլերում արդեն համաձայնեցված հարցերին` ժամանակ շահելու համար: Սակայն այժմ մենք այն փուլում ենք, որ Հայաստանը պետք է պատասխանի Մինսկի խմբի անդամ պետությունների առաջարկին, իսկ եթե հայերը չընդունեն այդ առաջարկը, այդ ժամանակ, կարծում եմ, բանակցությունները կկորցնեն իրենց իմաստը», շեշտել է Ալիեւը` հավելելով, որ բանակցություններն այսօր թեւակոխել են վճռական փուլ, եւ «միջնորդ երկրներն այսօր փորձում են համոզել հայկական կողմին` ընդունել առաջարկությունը»: Այլեւս ավելորդ համարելով մեջբերել Մերզլյակովի հայտնի ուղղումը, միայն մի բան հստակեցնենք. այդ ինչպե՞ս են այսօր Մինսկի խմբի համանախագահները զբաղված Երեւանին համոզելով, երբ, օրինակ, նրանց հաջորդ այցը տարածաշրջան կսահմանափակվի միայն Բաքվով, այդ ինչպե՞ս են բանակցությունները թեւակոխել վճռական փուլ, երբ այդ մասին հայտարարում է միայն Ադրբեջանի նախագահը, այնինչ, եթե իրոք այդպես լիներ, շատ ավելի տրամաբանական է, որ այդ մասին կբարձրաձայնեին Մինսկի խմբի համանախագահները` դեռ «գլուխ էլ կգովեին», որ տեսա՞ք, «այսքան բարդ» ղարաբաղյան բանակցությունները թեւակոխեցին վճռական փուլ: Այնպես որ, ինչպես Վաշինգտոնում արդարացիորեն նկատեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը , «պետք չէ շատ հավատալ ադրբեջանական մամուլին», մեր կողմից էլ ավելացնենք` նաեւ նախագահին: Ալիեւը նշել է, որ համանախագահ երկրների համար արդեն պարզ է, որ «հայկական կողմը խախտում է բանակցությունները», եթե այդպես է, կկարողանա՞ր արդյոք Երեւանը դիմանալ արտաքին ճնշումներին, մանավանդ հայ-թուրքականի համատեքստում: Չէ՞ որ, ինչպես Վաշինգտոնից վերադառնալուց հետո նշեց Էրդողանը, ե՛ւ նախագահ Օբաման, ե՛ւ Մեդվեդեւը հետաքրքրված են Ղարաբաղի հիմնահարցի շուտափույթ լուծմամբ: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա վերջինս նաեւ հայ-թուրքական գործընթացի արագացման տարբերակ է առաջարկել. «Եթե հայերը դուրս գան Ադրբեջանից գրաված գոնե երկու շրջաններից, գործընթացը կարագանա»: Բաքվում արդեն նախագահ Ալիեւը հայտարարում է. «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները այդ երկու պետությունների խնդիրն են, եւ որեւէ երրորդ երկիր չի կարող միջամտել»: Հակասում եք միմյանց, պարոնայք, հակասում եք: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments:

Post a Comment