Saturday, April 17, 2010

Մուրադ Մերջան. Անհրաժեշտ է մեր գիտակցությունը ազատել թշնամություն հասկացողությունից

News.am. 16-4-2010- Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը թուրքական TV8 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ տարբերություն չկա՝ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ետ կկանչվեն խորհրդարանից, թե կմնան իր սենյակի պահարանի դարակում: Մերջանը, անդրադառնալով Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը եւ Ղարաբաղի խնդիրը որպես նախապայման լինել-չլինելու հետ կապված խոսակցություններին` ասել է. «Եթե երկու երկրների միջեւ ստորագրված արձանագրությունների հետ կապված որեւէ անհամաձայնություն է տեղի ունենում, այդ պարագայում խնդիրները լուծվում են ըստ միջազգային իրավունքի: Այդ պարագայում ես գտնում եմ, որ Հայաստանի ՍԴ-ի որոշումը այնքան էլ կարեւորություն չունի»: Ըստ Մուրադ Մերջանի` կառավարության կողմից ստորագրված արձանագրությունները այլ բան են, խորհրդարանի կողմից դրանց վավերացվելը՝ այլ բան: «Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կախված է եղել կառավարության կամքից, իսկ դրանց վավերացումը` խորհրդարանի: Թուրքական խորհրդարանը ի վերջո ուշադրություն դարձնելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումներին: Սակայն ճիշտ չի լինի Հայաստանի հետ ունեցած մեր հարաբերությունները խզենք: Անհրաժեշտ է մեր գիտակցությունը ազատել թշնամություն հասկացողությունից: Պետք չէ հակադրվել նաեւ արձանագրություններում Թուրքիայի օգտին առկա կողմերին: Տարբերություն չկա՝ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ետ կկանչվեն խորհրդարանից, թե կմնան իմ սենյակի պահարանի դարակում: Դարակում 1998-ից ստորագրված մի շարք համաձայնագրեր կան, որոնք դեռեւս սպասում են վավերացման»,-նշել է Մերջանը: Հաղորդման ընթացքում թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձել է ընդդիմության այն մեղադրանքներին, որ թուրքական իշխանությունները արտաքին քաղաքականությունում անընդհատ զիջումների են գնում: «Ի՞նչ զիջման ենք գնացել: Ոչ մի զիջման մասին խոսք չի կարող լինել: Ո՛չ Կիպրոսի, ո՛չ Հայաստան-Ադրբեջանի կամ Եվրամիության հետ կապված խնդիրներում նման բան չկա»,-ամփոփել է Մուրադ Մերջանը:

No comments:

Post a Comment