Thursday, April 15, 2010

Էրդողանը մատնանշել է, թե Արձանագրությունների որ մասում է անուղղակիորեն խոսվում Ադրբեջանի մասին

Tert.am. 14-4-2010- Քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք չի բերվել ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ, հայ-թուրքական սահմանը չի բացվի: Այս մասին, HaberTurk-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Անկարային «Թուրքիան մեզ հետ նախապայմանների լեզվով չի կարող խոսել» մեսիջն ուղարկեց, հնարավո՞ր է` սահմանները բացվեն», Թայիփ Էրդողանը հայտարարել է. «Ցյուրիխում ստորագրված տեքստի մեջ «առանց նախապայմանի» արտահայտության կողքին կա շատ կարևոր մի դրույթ` հաստատել տարածաշրջանային խաղաղություն: Իսկ «տարածաշրջանային խաղաղություն» թեզիսի շրջանակում մի՞թե կարելի է անտեսել Ադրբեջանին: Ադրբեջանն այդ տարածաշրջանային խաղաղության մի մասն է: Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի լուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը, անհրաժեշտ է, որպեսզի կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի... Նախ և առաջ, ինչո՞ւ է փակվել հայ-թուրքական սահմանը: Այսինքն` ինչո՞ւ 1993թ. փակվեց այդ սահմանադուռը: Սահմանը փակվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված իրադարձությունների պատճառով: Իսկ հիմա կարծում ենք, որ այդ սահմանի բացման համար, անկասկած, անհրաժեշտ է, որպեսզի այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի և ստեղծվի պարարտ հող խաղաղության հաստատման համար: Մինսկի խումբն այստեղ կարևոր պարտականություն ունի: Հարցի առնչությամբ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանն ակտիվ աշխատանքներ են իրականացնում, և ենթադրում եմ, որ Աստծո կամոք նրանք կհասնեն ցանկալի արդյունքի»: Իսկ ի պատասխան այն հարցին, թե «Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրությունների առնչությամբ կա՞ որևէ ժամանակացույց», Թայիփ Էրդողանն ասել է. «Ոչ, որևէ ժամանակացույց չկա: Ներկա պահին մենք Արձանագրությունները փոխանցել ենք խորհրդարան: Հայաստանը նույնպես այդ փաստաթղթերը Սահմանադրական դատարանի որոշումից հետո ներկայացրեց խորհրդարան»: Թուրքիայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական զարգացումների դեպքում Թուրքիայի խորհրդարանում հնարավոր է` արագացվի արձանագրային գործընթացը:

No comments:

Post a Comment