Monday, April 19, 2010

Հանրահավաք` ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների

Ապրիլի 20-ին ժամը 15:00-ին Վրաստանի դեսպանատան հարակից տարածքում տեղի կունենա հանրահավաք` ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների: Այն կանցկացվի Ազգային նոր պահպանողական շարժման նախաձեռնությամբ: Այսօր շարժման առաջնորդ Էդվարդ Ափրամյանը, լրագորողների հետ հանդիպմանը նշեց, որ իրենք դիմել են ՀՀ-ում գործող կուսակցություններին` իրենց միանալու կոչով: 8 կուսակցություններ միացել են, մյուս կուսակցություններին Ափրամյանը ևս մեկ անգամ կոչ արեց «տեր կանգնել ջավախքահայությանը»: Իսկ հանրահավաքի պատճառը մայիսի վերջին Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրություններն են: «Մեր կարևոր նպատակն այն է, որ վրացական իշխանությունները տեսնեն, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր կանգնում են ջավախքահայերի կողքին: Մայիսի վերջում Վրաստանում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, իսկ միակ քաղաքական ուժը Սամցխե Ջավախքի և Քվեմոքարթլիի ՀԿ-ների խորհուրդն է, որն այսօր վրացական հատուկ ծառայությունների կողմից չի ստեղծվել, միակ կառույցն է, որ անկախ է և որը ներկայացնում է ջավախքահայության խնդիրները»,- մանրամասնեց Էդվարդ Ափրամյանը: Նա նշեց, որ վրացական իշխանությունները ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ գործող ուժերը գտնվում են բանտերում, և ամեն ինչ անում են, որպեսզի հայ երիտասարդները չկարողանան ներգրավվել քաղաքական կյանքում: Ինչ վերաբերում է հաջորդ պահանջին, ապա Ափրամյանի ներկայացմամբ, իրենք դիմելու են, որ Ախալցխա քաղաքում հիմնվի հայկական բուհ: Նշենք, որ նման հարցով Վրաստան այցի ժամանակ հանդես էր եկել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Է. Ափրամյանը նկատեց, որ երբ հարցը բարձացվում է միայն կրթության և գիտության նախարարության կողմից, բայց անտեսվում իշխանության կողմից, այն չի կարող լուծվել: «Մեծ բան է, որ ԿԳ նախարարն այցելել է Ջավախք ու բարձրացրել այդ հարցը, Ջավախքում իրավիճակն այնպիսին է, որ որևէ չինովնիկի այցն արդեն իսկ շոշափելի արդյունք է, անկախ նրանից, թե որևէ հարց կլուծի՞, թե՞ ոչ», - ասաց բանախոսը: Ինչ վերաբերում է Վրաստանի ՏԻՄ ընտրությունների հավանական արդյունքներին, ապա Ափրամյանը վստահ է, որ ընտրվելու շանսեր ունեն նրանք, ովքեր «պարում են վրացական իշխանությունների երաժշտության տակ»:

No comments:

Post a Comment