Saturday, April 17, 2010

ՆԱԽՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՌՋԵՎ ԲԱՑՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ

«ԱԶԳ», 17-04-2010- Ապրիլի 16-ին վերադառնալով Վաշինգտոնից, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կազմակերպել է մամուլի ասուլիս, որտեղ նշել է, որ ինքը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կարեւոր հանդիպում է ունեցել, նա վերստին կրկնել է «Թուրքիայի անկեղծ հավատարմությունը հայկական կողմի հետ ստորագրված արձանագրություններին», անընդունելի է համարել Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառումը, ապա եւ ընդգծել է. «Իրականում միջուկային անվտանգության գագաթաժողովին պետք է ներկա գտնվեր նաեւ Ադրբեջանը, որը չհրավիրվեց»: Վերջում Դավութօղլուն, ինչպես կայքէջում նշում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, լրագրողներին ասել է, որ վաշինգտոնյան հանդիպումների մասին Բաքվին եւ Թեհրանին իրազեկելու համար ուղեւորվելու է Ադրբեջան ու Իրան: Նախքան Անկարա վերադառնալըՙ ապրիլի 15-ին Վաշինգտոնում դիվանագետների խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Կանադայում եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանները, ինչպես նաեւ Տորոնտոյում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում եւ Բոստոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսները: Խորհրդակցությանը քննարկման է դրվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձաժողովում ընդունված Հայոց ցեղասպանության օրինագիծը: Գլխավոր հյուպատոսները նախարար Դավութօղլուին ասել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը սկսել է չափազանց դրական արդյունքներ տալ, դրա հետեւանքով ներքին հուզումներ են առաջացել հայկական սփյուռքում: Միաժամանակ նշվել է, որ ցեղասպանության օրինագիծն ընդունելու Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի որոշումը վնաս է պատճառել Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին եւ բարդացրել է կողմերի երկխոսությունը: Խորհրդակցությունում Դավութօղլուն արտահայտվել է պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունների մոտալուտ նորմալացման մասին եւ ավելացրել. «Նորմալացումը լիարժեք կիրականանա այն դեպքում միայն, եթե դրանում ներառվի նաեւ սփյուռքը: Այս գործընթացը ավարտին է հասնելու սփյուռքի անմիջական ներառումով»: Այնուհետեւ Թուրքիայի արտգործնախարարը խորհրդակցության մասնակից դեսպաններին եւ հյուպատոսներին արել է հետեւյալ կարգադրությունները. հայկական սփյուռքի առջեւ բացել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների դռները եւ հրավիրել սփյուռքահայերին, արձագանքել սփյուռքի հրավերներին, մասնակցել սփյուռքահայերի կազմակերպած միջոցառումներին եւ նրանց պատմել Թուրքիայի դիրքորոշումը, Թուրքիա հրավիրել նաեւ հակաթուրքականի համարում ունեցող սփյուռքահայ գործիչներին,մասնակցել հայ դիվանագետների կազմակերպած ժողովներին, բացատրական աշխատանքով դիմել անխտիր բոլորինՙ հայերին, մակեդոնացիներին, ալբանացիներին, պաղեստինցիներին եւ իրազեկել Թուրքիայի կեցվածքի մասին: Դավութօղլուի խորհրդակցությանը երեկ «Սաբահն» անդրադարձել է «Նախքան սահմանները, թուրքական ներկայացուցչությունների դռներն են բացվում սփյուռքի առջեւ» վերնագրով: Ըստ թուրքական թերթի, Կանադայում եւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպաններին եւ այս երկրներում հավատարմագրված թուրք հյուպատոսներին արված կարգադրությունները թուրքական դիվանագիտական առաքելություններին են փոխանցվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ վաշինգտոնյան հանդիպումներից հետո: Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments:

Post a Comment