Thursday, April 15, 2010

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ քննարկել սեփական պատմությո՞ւնը

Tertam. 15-4-2010- Թուրքիան պատրաստ է իր անցյալի և պատմության հետ կապված հարցերի առնչությամբ լսել հայկական կողմին: Այս մասին, Cihan գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: «Հայաստանը և Թուրքիան երկու հարևան երկրներ են: Դարեր շարունակ միասին են ապրել: Եթե մեր միջև չլուծված խնդիրներ կան, մենք ինքներս կարող ենք քննարկել դրանք»,- հայտարարել է Դավութօղլուն` ընդգծելով. «Մեր պատմությանն առնչվող հարցերում պատրաստ ենք լսել մեր հայ բարեկամներին»: Դավութօղլուն հայտարարել է նաև, որ Թուրքիան ցանկանում է՝ Հայաստանը հարուստ լինի: «Որպես հարևան` մենք ցանկանում ենք ունենալ ոչ թե աղքատ, այլ հարուստ Հայաստան: Ցանկանում ենք, որ մեր բոլոր հարևանները հարուստ լինեն և մեզ հետ խաղաղ գոյակցեն: Եվ հենց այդ տեսլականով էլ ստորագրվել են Արձանագրությունները»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ սխալ է Հայաստանի հետ կապված հարցերը դարձնել թուրք-ամերիկյան հարաբերությունների մաս: «Հարցը պետք է միմյանց մեջ քննարկեն Հայաստանն ու Թուրքիան»,- նշել է Դավութօղլուն:

No comments:

Post a Comment