Tuesday, April 20, 2010

Ն.Զոհրաբյան. «Եթե Չավուշօղլուի ծրագրերն իրականություն դառնան՝ հայկական կողմը կբոյկոտի»

Panorama.am. 20-4-2010- Ապրիլի 26-ին մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի ինտրիգն այս անգամ լինելու է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլու ցանկությունը` վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հարցերով ենթաժողովի աշխատանքները, որի վերաբերյալ հայկական կողմն ունի լուրջ վերապահումներ: Այս մասին Panorama.am –ին ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը նշեց, թե առնվազն կոռեկտ չէ, որ Չավուշօղլուն առանց կողմերի ու, մասնավորապես, հայկական կողմի հետ որևէ քննարկման արդեն իսկ Բաքվում հայտարարել էր, թե ապրիլից ենթաժողովը սկսելու է իր աշխատանքները. «Եվ առավել ևս կոռեկտ չէ, որ Չավուշօղլուն ինքն իրեն է հռչակել այդ ենթահանձնաժողովի նախագահ»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Այս հարցի շուրջ ԲՀԿ-ի դիրքորոշումը հստակ է՝ եթե Չավուշօղլուի այս ծրագրերը իրականություն դառնան, ապա հայկական կողմը պետք է բոյկոտի այդ ենթահանձնաժողովի աշխատանքները: Նա հիշեցրեց, որ ժամանակին այդ ենթահանձնաժողովն ինչ-որ ժամանակահատված աշխատել է, սակայն բոլորս ենք հիշում, որ աշխատանքի արդյունքը զրոյական է եղել և բացի այն, որ չի օգնել հակամարտության կարգավորման գործընթացում՝ վնասել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին: Ն.Զոհրաբյանն ավելացրեց նաև, թե վստահ է, որ սա ոչ միայն իր կուսակցության, այլև կոալիցիոն ուժերի տեսակետն է. «Մենք գտնում ենք, որ Թուրքիայի ներկայացուցիչը չի կարող անաչառ դիրքորոշում ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչի վկայությունն են հենց նույն Չավուշօղլուի բազմաթիվ ելույթները ԵԽԽՎ-ում»: Ի դեպ, որպեսզի հստակեցվի, թե որքանո՞վ է Չավուշօղլուն իսկապես «մտահոգ» Ղարաբաղի հարցով, Ն.Զոհրաբյանն ամբիոնից կոչ է անելու նրան, որպես ԵԽԽՎ նախագահ, ներկա գտնվել մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին, ինչը հնարավորություն կտա համոզվելու, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի:

No comments:

Post a Comment