Wednesday, May 5, 2010

Թուրքիայի դեսպանը դժգոհ է` ոչ բոլոր հայերն են գառան պես մորթվել. Հարութ Սասունյան

Tert.am. 5-5-2010- «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը ներկայացնում ենք առանց կրճատումների. «Լոս Անջելեսում Թուրքիայի երիտասարդ և անփորձ գլխավոր հյուպատոս Հաքան Թեքինը ջանադրաբար փորձում է արժանանալ Անկարայում իր տերերի գովասանքին` պայքարելով Միացյալ Նահանգների լրատվամիջոցներում հայերի վերաբերյալ յուրաքանչյուր հիշատակման դեմ: Անցյալ շաբաթ այս ուղղությամբ նա շատ հեռուն գնաց` վիրավորական նամակ հղելով «Լոս Անջելես թայմս» թերթին: Թեքինին զայրացրել էր Փեթ Մորիսոնի`ինձ հետ ունեցած հարցազրույցը, որն ապրիլի 24-ին հրապարակվել էր «Լոս Անջելես թայմսի» խմբագրական էջում՝ «Հարութ Սասունյան. հավատարիմ անցյալին» վերնագրով հոդվածում: Իր համառոտ նամակում գլխավոր հյուպատոս Թեքինը մի քանի սխալ դատողություններ էր կատարել: Նախ, մեղադրել էր «Լոս Անջելես թայմս» թերթի Pulitzer-ի մրցանակակիր, վետերան լրագրող Փեթ Մորիսոնին՝ պնդելով, թե նրա հարցազրույցը «մոլորության մեջ գցող շատ տարրեր» էր պարունակում` չնշելով դրանցից և ոչ մեկը: Դատելով գլխավոր հյուպատոսի նամակի բովանդակությունից, կարելի է ասել, որ այն, ամենայն հավանականությամբ, կազմվել է թուրքական կառավարության կողմից մեծ գումարներով վարձված ամերիկյան հասարակական կապերի (PR) ընկերություններից մեկի կողմից: Միգուցե տեքստը գրվել է ամերիկացիների կողմից, սակայն մտքերն ակնհայտորեն պատկանում են թուրք ժխտողականներին: Իրականում PR ընկերություններն այնքան էլ մտահոգ չեն, թե որքան հիմար մտքեր են արտահայտված նրանց գրվածքներում, միայն թե գոհացնեն իրենց թուրք պատվիրատուին և առատաձեռնորեն վարձատրվեն: Ահա մի անվճար խորհուրդ, որը թուրքական կառավարությունն ու գլխավոր հյուպատոսը հետագայում պետք է հաշվի առնեն նախքան ազատ երկրի ազատ մամուլի դեմ նորից հարձակվելը. «Երբեք մի վիճեք մի մարդու հետ, որը թանաքը գնում է տակառներով»: Թեքինն իրեն այնպես է պահում, կարծես դեռ գտնվում է Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցներին հաճախ ճնշում են այնպիսի ֆաշիստական մեթոդներով, ինչպիսիք են լրագրողներին բանտ նետելը կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելը: Նա ապարդյուն ջանում է Թուրքիայի ոչ ժողովրդավարական «բերան փակելու» քաղաքականությունը ներմուծել Միացյալ Նահանգներ`ճգնելով լռեցնել «Լոս Անջելես թայմսին»: Գլխավոր հյուպատոսը հարձակվում է ինձ վրա`«Լոս Անջելես թայմս» թերթի հոդվածում զետեղված լուսանկարի համար, որտեղ ես պատկերված եմ տատիկիս` «փամփշտակալի շղթաներով» նկարը ձեռքիս: Ես անչափ հպարտ եմ իմ Կատար տատով, որովհետև այն ժամանակ, երբ միլիոնից ավելի հայեր մահարշավի էին դատապարտվել Թեքինի նախնիների ցեղասպան իշխանավորների կողմից, նա և իր զեյթունցի հայրենակիցները` տղամարդ, կին ու երեխա խիզախորեն պաշտպանել էին իրենց՝ թույլ չտալով գառան պես մորթվել: Եթե նա չպայքարեր ու չփրկեր իր կյանքը, այսօր ես գոյություն չէի ունենա, ինչը թերևս ավելի կերջանակացներ գլխավոր հյուպատոսին: Ի՞նչ է, Թեքինը վշտացած է, որ թուրքական կառավարությանը չի հաջողվել ավարտին հասցնել՝ մինչև վերջին հայը բնաջնջելու ծրագիրը: Այնուհետև գլխավոր հյուպատոսը մեղադրել է ինձ՝ հայ-թուրքական տխրահռչակ Արձանագրությունների նկատմամբ իմ «անդրդվելի ընդդիմության» համար: Արձանագրությունները չվավերացվելու համար նա պետք է մեղադրի միայն իր կառավարությանը, որոնք վեց ամսից ավելի «փոշի են հավաքում» թուրքական խորհրդարանում: Անշուշտ, հայերի բախտը բերել է, որ Արձանագրությունները չվավերացնելով՝ Թուրքիայի ղեկավարներն ակամա պաշտպանում են Հայաստանի ազգային շահերը՝ փորձելով ավելի շատ զիջումներ կորզել հայկական կառավարությունից: Անհավատալիորեն Թեքինն իր խղճալի նամակն ավարտում է` հորդորելով ինձ մի փոքր նմանվել Վիլյամ Սարոյանին, որը նրա պնդմամբ շատ «կարեկից» է եղել թուրքերի նկատմամբ: Միգուցե թուրք հյուպատոսին հիշեցնեմ Սարոյանի` Հայաստանն ու նրա ժողովրդին բնաջնջել ցանկացող թուրքերին խարազանող հանրահայտ գրվածքի մասին: Ահա մեջբերում բնագրից, որը հրապարակվել է Inhale & Exhale գրքում, Random House-ի կողմից, Նյու Յորքում 1936թ.։ «Համարձակեցե’ք բնաջնջել այս ցեղը: Սեպեցեք, թե դարձյալ 1915 է: Համաշխարհային պատերազմ է: Քանդեցե՛ք Հայաստանը: Տեսե՛ք, թե կրնա՞ք: Աքսորեցե՛ք զիրենք իրենց տուներեն դեպի անապատները: Ձգեցե՛ք իրենց առանց հացի և ջուրի: Այրեցե՛ք անոնց տուներն ու եկեղեցիները: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս պիտի վերածնին: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս կրկին պիտի խնդան: Տեսե՛ք, թե սերունդը նորեն պիտի չապրի, և երբ անոնցմե երկուքը գինետան մը մեջ հանդիպին քսան տարի ետք, տեսե՛ք, թե անոնք արդեօք չպիտի խնդան ու չպիտի խոսին իրենց լեզվով: Համարձակեցե՛ք, տեսե՛ք թե կրնա՞ք բան մը ընել: Տեսե՛ք, թե կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելե, դուք՝ շան լակոտներ, երկու հայեր որ իրար հետ կխոսին աշխարհի վրա, համարձակեցե’ք զիրենք բնաջնջել»: Միթե՞ Թուրքիայի գլխավոր հյուպատոսը ձգտում է վարկաբեկել ինձ այն բանի համար, որ մշտապես մերժել եմ նրա հետ հանդիպելու բազմաթիվ հրավերներն ու կոոպտացիայի ենթարկելու նրա համառ փորձերը: Եթե սա մխիթարություն է նորելուկ դիվանագետի համար, ապա ասեմ, որ ես չեմ խաբվել նաև նրա վերադասների կողմից, որոնք իրենից շատ ավելի փորձառու են և տիրապետում են գործակցող հայեր որսալու արվեստին»:

No comments:

Post a Comment