Wednesday, May 5, 2010

Թուրքերեն առաջին արմատական բառարաններից մեկի հեղինակը հայ լեզվաբան է

Panorama.am. 5-5-2010- Թուրքիայի լեզվագիտական ընկերության (TDK) պատրաստած հայերեն-թուրքերեն/թուրքերեն-հայերեն բառարանը մեծ ուշադրության է արժանացել Թուրքիայում: «TDK»-ի տնօրեն պրոֆեսոր Շյուքրու Հալուք Աքալընը «Հյուրրիյեթ» (Hurriyet)-ի հետ զրույցում նշել է, որ հայ լեզվաբանները, մասնավորապես Հակոբ Մարթայանը (Հակոբ Դիլաչար) մեծ ավանդ են ունեցել թուրքերեն լեզվի կայացման գործում: Այն հարցին, թե իրենք հանդիպել են բացասական արձագանքների` կապված այդ բառարանի հրապարակման հետ, թուրք լեզվաբանը պատասխանել է. «Մամուլում լայն անդրադարձ եղավ: Բայց ոչ մի բացասական արձագանք չստացանք: Բառարանի նկատամաբ հետաքրքրությունը մեծ է»: «Ցավոք, ավելի քան 100 տարի զբոսաշրջության նպատակով ստեղծված առևտրի ոլորտին առնչվող բառարանից բացի այլ լուրջ բառարաններ չենք կարողացել հրապարակել: Այդ բացը լրացնելու համար թուրքերեն-հայերեն / հայերեն-թուրքերեն բառարանների ստեղծմանը ձեռնամուխ եղանք: Դեռ նոր-նոր ենք մեր համալսարաններում հայագիտության ամբիոններ բացել: Մեր պատմաբանների մեջ հայերեն լեզվին տիրապետող մասնագետների թիվը այնքան քիչ է, որ կարելի է ասել` չկա»,- նշել է թուրք պրոֆեսորը: Նրա գնահատմամբ` հրապարակված այդ բառարանը պատմական կարևորություն ունի: «Օսմանյան Թուրքիայում որպես հավատարիմ ժողովուրդ անվանվող հայերը կրթական, ուսումնական ակտիվ կյանք են վարել: Եղել են արվեստամշակութային և տպագրության եռուզեռի մեջ: Թուրքերեն լեզվի համար ջանք թափած հայերը ծառայություն են մատուցել Թուրքիային: Թուրքերենի առաջին արմատական բառարաններից մեկի հեղինակը Պետրոս Քերեսթեջյանն է եղել: Մեկ այլ հայ լեզվաբան էլ Պետրոս Զեքի Կարապետյանը հեղինակել է մի շարք բառարաններ: Հայկական դպրոցներում թուրքերենի դասավանդման համար նա կազմել է 50 դասագիրք»,- ընդգծել է Շյուքրու Հալուք Աքալընը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` Աքալընը նշել է, որ իրենք պատրաստվում են վերահրատարակել 1884-ին Ստամբուլում հրապարակված ֆրանսերեն-հայերեն բառարանը: Բացի այդ ներկայումս կազմում են թուրքերեն-հայերեն զրուցարան:

No comments:

Post a Comment