Tuesday, May 4, 2010

Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսը հետ է կանչվել

Aysor.am. 4-5-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ստամբուլում այդ երկրի գլխավոր հյուպատոս, Սևծովյան համագործակցության կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ Սայադ Արանը հետ է կանչվել պաշտոնից: Այդ մասին հայտնել է «Բիզիմ յոլ» թերթը` նշելով, որ նախագահի մեկ այլ հրամանով էլ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվել է Հասան Զեյնալովը`հետ կանչվելով Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնից: Նշենք, որ վերջերս Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գյուլեր Ահմեդովայի և Սայադ Արանի միջև անախորժություն էր ծագել. Ահմեդովան ԱԳՆ ղեկավարության մոտ գանգատվել էր, որ Թուրքիա կատարած այցի ժամանակ Սայադ Արանը իրենց չի ուղեկցել: Ս.Արանն էլ մեղադրել է Գ.Ահմեդովային` ասելով, որ նա ցանկացել է հյուպատոսության ավտոմեքենաներն օգտագործել անձնական նպատակներով: Հյուպատոսությունից հետ կանչվելու լուրը մեկնաբանելու համար թերթի հեռախոսազանգից անակնկալի եկած Ս.Արանն ասել է, որ ինքն այդ մասին տեղյակ չէ, և շփոթված ավելացրել, որ հնարավոր է` իրեն պաշտոնանկ են արել, քանի որ շուտով իր լիազորությունների ժամկետը լրանալու էր:

No comments:

Post a Comment