Tuesday, June 29, 2010

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԱՊՐԱԾ ԿԵՆԱ

«Լրագիր» 29-6-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների` Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի համատեղ հայտարարությունը, որ տարածվեց Կանադայից, ինչ որ չափով աշխուժացրեց Հայաստանի ներքաղաքական կյանքը: Նորից սկսեցին քննարկումներ այն մասին, որ Հայաստանի հանդեպ կա ճնշում, որ Հայաստանին փորձում են “խաղաղություն” պարտադրել, որ համանախագահները չեն նկատում Ադրբեջանի ռազմատենչությունն ու փոխանակ այն հասցեական դատապարտեն, խաղաղության եւ հրադադարը պահպանելու ընդհանրական կոչեր են անում: Կասկած չկա, որ մի քան օր հետո կայանալիք Հիլարի Քինթոնի տարածաշրջանային այցը կօգնի այս քննարկումները մի քիչ էլ երկարաձգել, հետո կլինի Ղազախստանում ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքի ընթացքում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը, եւ ներքաղաքական կյանքը կձգի մինչեւ օգոստոս: Դե, օգոստոսին բոլորը մի քիչ կհանգստանան, մինչեւ տեսնեն, թե ով որտեղից ինչ նյութ կտա ներքին կյանքում մի քիչ քննարկելու, դրա շուրջ մի քիչ ծավալվելու համար, քանի որ Հայաստանի ներքին խնդիրները մեր քաղաքական ուժերի համար դադարել են լինել քաղաքական գործունեության եւ քննարկումների գեներացիայի հումք: Եթե նկատել եք, դրանք դարձել են այսպես հարակից մի բան, մոտավորապես այս ոճի` այ դրսում վիճակը շատ բարդ է, ֆուտբոլային դիվանագիտությունը մեզ գցեց կրակը, Թուրքիան մտավ Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարցը մտավ եզրափակիչ փուլ, միջնորդների համբերությունը հատեց, Հայաստանին սկսեցին ճնշել, դե իսկ այս ամենի դեմ իշխանությունը չի կարող դիմագրավել, որովհետեւ արտաքին քաղաքականությունն ազգային չէ, ներքին քաղաքականությունն արդար ու օրինական չէ, տնտեսությունն էլ գրեթե չկա: Այսինքն, այն բոլոր հարցերը, որոնց հիմքը, առաջացման պատճառները երկրի ներսում են, որոնց լուծման բանալին երկրի ներսում է, ընդամենը հայտնվել են ներքաղաքական բառապաշարի “ներածական” մասում: Ու բոլորի համար կարծես թե շատ լավ է, ճիշտ ժամանակին կապել են ներքաղաքական կյանքը արտաքին քաղաքական պրոցեսների պոչից, իսկ մնացյալ հարցերում Մինսկի խումբն ապրած կենա: Ինչու ինչ որ բան անել, եթե ուր որ է մի բան լինելու է, իսկ եթե ոչ մի բան էլ չի լինելու, առավել եւս ինչու իզուր տեղն ինչ որ բան անել: Ահա այդ մտայնությունն է դարձել գերիշխողը Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտում` ընդդիմություններից մինչեւ իշխանություններ: Այդ տիրույթում որոշակիորեն աշխուժացել են հասարակական նախաձեռնությունները, որոնք թերեւս միակ մխիթարությունն են ներկայիս գորշ, հնացած, սնանկացած քաղաքական միջավայրում, որը թերեւս արդեն ոչինչ ստեղծելու ունակ չէ եւ վերածվել է լիակատար սպառողի: Այստեղ էլ ամբողջ վտանգն այն է, որ դրանք հանկարծ այդ հանրային նախաձեռնություններն էլ չսպառեն: Ախր այդ նախաձեռնություններն այնքան քիչ են ու երիտասարդ, իսկ սպառողներն այնքան շատ են ու փորձառու: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment