Tuesday, June 29, 2010

Էրդողանը «լկտիաբար ստել է ու կեղծ հայտարարություն է արել»

Aysor.am. 29-6-2010- «Մենք իրենց պատուհանով ենք շպրտում, իրենք դռնով են գալիս, դռնով ենք շպրտում` պատուհանով են գալիս»,- ընդգծեց ԱԺ-ում Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիբ Էրդողանի` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արած հայտարարությանը, և հավելեց. «Մենք հստակ ասում ենք` Թուրքիան անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հարցում, մեզ համար երբեք չի կարող ընդունելի լինել, որ Թուրքիան միջնորդ լինի այս հարցում»: Է. Շարմազանովը նշեց նաև, որ Էրդողանը «լկտիաբար ստել է ու կեղծ հայտարարություն է արել»: Նա նշեց, որ խոսքն այն մասին է, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե իբր Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ առաջարկ է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ստեղծել պատմաբանների խումբ, սակայն «մինչ օրս պատասխան չի ստացել»: «Նախ Ռոբերտ Քոչարյանը հստակ նամակով դիմել է Էրդողանին, և հայտնել, որ խնդիրը պետք է քննարկի ոչ թե պատմաբանների խումբը, այլ` միջկառավարական հանձնաժողովը, բացի այդ` ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ ասել է, որ մեզ համար Ցեղասպանությունը քննարկման հարց չի կարող լինել, ավելին` այս ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ, և որևէ հայ պաշտոնյա Թուրքերի հետ չի քննարկի Ցեղասպանության ճանաչման խնդիրը, ավելին` ամեն ինչ անելու են, որպեսզի Ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ հավաքի»,- հայտարարեց Է. Շարմազանովը: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացին` խմբակցության քարտուղարը նշեց, որ հարաբերությունների կարգավորման համար «թուրքերն իրենց մեջ ուժ պետք է գտնեն և ապացուցեն ամբողջ աշխարհին, որ իրենք ոչ թե ֆեոադալական սուլթանական օսմանյան կայսրության ներկայացուցիչներն են, այլ` իրոք ժողովրդավարական քաղաքականության կրող են»: Միևնույն ժամանակ` Է. Շարմազանովը կասկածի տակ դրեց Թուրքիայի` ժողովրդավարական պետություն լինելու հանգամանքը, ի նկատի ունենալով այն, որ «Թուրքիայի պաշտոնյաներն արդեն նեոօսմանիզմ են քարոզում, իսկ մենք գիտենք, թե ինչ է օսմանիզմը և ինչ ողբերգական հետևանքներ է ունեցել ոչ միայն հայ ժողովրդի, այլև` մյուս ժողորդների համար»:

No comments:

Post a Comment