Wednesday, June 30, 2010
Պետդեպ. Հիլարի Քլինթոնը փորձելու է նոր լիցք հաղորդել հայ-թուրքական հարաբերություններին
Tert.am. 30-6-2010- Հուլիսի 1-ին մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արևելաեվրոպական և հարավկովկասյան շրջայցը, որի շրջանակում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելելու է Ուկրաինա, Լեհաստան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
Քլինթոնի շրջագայության հետ կապված մանրամասների մասին է խոսել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` ընդգծելով, որ պետքարտուղարի հայաստանյան այցելությունը պատեհ առիթ է Արձանագրությունների վավերացման փուլում խցանված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նոր լիցք հաղորդելու համար:
«Միացյալ Նահանգները հավատացած է, որ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումն ու երկու երկրների միջև սահմանների բացումը նպաստավոր կլինի ինչպես կողմերի, այնպես էլ տարածաշրջանի համար»,- հայտարարել է Գորդոնը` հիշեցնելով Սերժ Սարգսյանի այն խոսքերը, որ եթե Թուրքիան պատրաստ լինի գործընթացն առաջ տանել և Արձանագրությունները վավերացնել, ապա նույն քայլին կդիմի նաև Հայաստանը:
No comments:
Post a Comment