Wednesday, June 30, 2010

Էրդողան. «Խաղաղության ամենամեծ խնդիրը Իսրայելի կոալիցիոն կառավարությունն է»

7or.am. 29-6-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է վերսկսել Իսրայելի և Սիրիայի միջև միջնորդական բանակցությունները, եթե երկու կողմերը նման պահանջ հայտնեն, և Իսրայելը հետևի միջազգային օրենքների չափորոշիչներին։ -Եթե Թուրքիան նման առաջադրանք ստանա, մենք նորից պատրաստ ենք աշխատել խաղաղության համար։ Բայց Սիրիան և Իսրայելն առաջին հերթին պետք է հանդես գան նման պաշտոնական պահանջով, և Իսրայելը պետք է գործի միջազգային օրենքներին համահունչ,-«PBS»-ի հեռուստատեսության Չարլի Ռոուզի Շոու հեռուստաբանավեճում ասել է Ռ. Էրդողանը։ Էրդողանն ասել է, թե Սիրիան ցանկանում է տեսնել անուղղակի խաղաղ բանակցությունների վերսկսման վերաբերյալ Իսրայելի դիրքորոշումը՝ ավելացնելով, որ Դամասկոսը ևս պատրաստ է վերսկսել բանակցությունները։ -Խաղաղության ամենամեծ խնդիրը Իսրայելի կոալիցիոն կառավարությունն է,- ասել է Էրդողանը։ Անդրադառնալով Գազայի հատվածում Թուրքիայի և Իսրայելի միջև տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով զոհվել էին Թուրքիայի 9 քաղաքացիներ, Էրդողանն ասել է, որ Իսրայելը պետք է Թուրքիայից ներողություն խնդրի զոհվածների համար և ապաշրջափակի Գազայի հատվածը, որը նա վերածել է բացօթյա բանտի։ -Եթե այդ պահանջները բավարարվեն, այդ ժամանակ մենք կարող ենք ընդունել տարածաշրջանում մեզ վերապահված դերը,-ասել է Էրդողանը։ Ծովային օգնության պահակախմբի վրա Իսրայելի գրոհը Էրդողանն անվանել է պետական ահաբեկչություն։ Պատասխանելով հարցին, թե արդյոք շա՞տ խիստ չէին նրա արտահայտությունները, թե «Իսրայելը լավ է սպանության մեջ», «Իսրայելը չի կարող իր ձեռքերից մաքրել արյունը», Էրդողանն ասել է, որ իր արտահայտություններն արտացոլում են իր՝ որպես մարդու, տեսակետները։ -Իմ քննադատությունն ուղղված է ոչ թե Իսրայելի ժողովրդին, այլ Իսրայելի կառավարությանը։ Ես շատ զգույշ եմ ընտրում իմ խոսքերը՝ նախքան դրանք արտասանելը,-նշել է նա։ Ըստ «Today's Zaman»-ի

No comments:

Post a Comment