Tuesday, July 13, 2010

Թուրքիային նոր կառավարություն է անհրաժեշտ. The Wall Street Journal-ն է վերլուծել

Panorama.am. 13-7-2010- Ամերիկյան հեղինակավոր «The Wall Street Journal» պարբերականը հուլիսի 12-ի իր համարում անդրադարձել է Թուրքիայում, այսպես կոչված, ժողովրդավարական գործընթացներին և այդ երկրի ջանքերին` ուղղված Եվրոպական Միությանն անդամագրվելուն: «Իրական խնդիրն այն է, որ Թուրքիայի կառավարող իսլամական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կիսում ազատական, Արևմտյան արժեքներով Թուրքիայի երազանքը»,- գրում է պարբերականը ու նկատում, որ Եվրոպական Միությանն անդամագրվելու ճանապարհին ժողովրդավարական բարեփոխումներ, որպես այդպիսիք, չեն իրականացվել: Պարբերականը մատնանշում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսը, որի ցուցանիշներով Թուրքիան վերջին տարիներին 20 սանդղակով հետ է ընկել` զբաղեցնելով 102-րդ հորիզոնականը: Պարբերականը` որպես ժողովրդավարության ցուցիչ, մատնանշում է նաև գենդերային հավասարության խնդիրը: Ըստ բերված վիճակագրության, 1994-ին քաղաքացիական ծառայությունում կանանց զբաղվածությունը կազմել է 15 տոկոս, մինչդեռ այժմ այդ ցուցանիշը կազմում է 11 տոկոս: Թուրքիայի իրավաբանների 33 տոկոսը կանայք են, բայց Թուրքիայի արդարադատության նախարարության բարձր պաշտոններում կանայք չեն աշխատում: «The Wall Street Journal»-ը հիշեցնում է 2008-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիպ Էրդողանի` Կանանց Միջազգային օրն ունեցած ելույթը, որի ժամանակ, ըստ պարբերականի, «պարոն Էրդողանը շատ նրբանկատորեն նշեց, որ թուրք կնոջ դերը մեր հասարակությունում կարիերա անելը չէ, այլ առնվազն 3 երեխա ունենալը»: «Թուրքիան միջազգային հանրության կողմից ծափահարությունների արժանացավ, երբ փորձ արվեց բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները,- գրում է պարբերականը և նկատում,- բայց նույնիսկ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտության պարագայում` գորընթացը էական առաջընթաց չունեցավ. Անկարան ստորագրեց հարաբերությունների նորմալացմանն ուղղված արձանագրությունները, սակայն չվավերացրեց դրանք: «Ինչպես ԵՄ-ին անդամագրման քաղաքականությունը, այնպես էլ «Արդարություն և զարգացում» կուսակցության` Հայաստանի դեմ դռները բացելու քաղաքականությունն ավելի շատ PR ակցիա էր», - գրել է «The Wall Street Journal»-ը` նկատելով, սակայն, որ այնուամենայնիվ, Թուրքիայում ժողովրդավարության հաստատման նշույլ կա: Պարբերականը նշում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, եվրոպամետ Քեմալ Քիլիքդարօղլուի (Kemal Kilicdaroglu) ընտրությամբ իրավիճակը փոխվել է: Քիլիքդարօղլուն արդեն իսկ հայտարարել է իր հավատարմությունը ԵՄ-ին, ինչպես նաև` Թուրքիայի քաղաքականությանը թարմություն փոխանցելու մասին: «Երբ 1920-ին Աթաթուրքը հիմնեց այս կուսակցությունը, երազում էր, որ Թուրքիան եվրոպականացվի, մղվի դեպի Եվրոպա: Հաջորդ տարիների ընտրությունները ցույց տվեցին, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը պայքարի մեջ մտավ ընդդեմ «Արդարություն և Զարգացում» կուսակցության: Մի բան հաստատ է` Թուրքիային նոր կառավարություն է անհրաժեշտ»,- եզրակացրել է ամերիկյան պարբերականը:

No comments:

Post a Comment