Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պատվին տրված ճաշկերույթում վերջինս հանդես է եկել բաժակաճառով: Մասնավորապես խոսելով տարածաշրջանի խնդիրների մասին, Մեդվեդեւն ասել է, թե անվտանգության խնդիրը կարեւորագույն թեմա է: - Մենք պետք է հետեւենք, որ լինի կարգ ու կանոն, թույլ չտանք կոնֆլիկտների առաջացում: Մեր տարածաշրջանում խնդիրները, թե թաքնված, թե երեւացող, բավական շատ են: Եւ մեր խնդիրն է ձգտել առավելագույնս արագ արձագանքել նման մարտահրավերներին: Ռուսաստանը գիտակցում է իր դերը այդ գործընթացներում: Նույնիսկ այնպիսի գերբարդ խնդիրը, ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ենթակա է միջազգային նորմերի եւ կողմերի փոխադարձ կամքի հիման վրա լուծման: Մենք վերջին ժամանակներս բազմիցս հանդիպել ենք: Ես, անկեղծ ասած, գոհ եմ այն դինամիկայից, որ գոյություն ունի: Արդյունքը, թերեւս, ավելի համեստ է: Սակայն կարող եք չկասկածել, դա Ռուսաստանի բարի կամքն է` առավելագույնս նպաստել այդ շատ բարդ խնդրի կարգավորմանը: Մենք դրա համար գործադրել ենք եւ գործադրելու ենք բոլոր ջանքերը, անձամբ ես էլ, ասել է Մեդվեդեւը: Իսկ երեկվա ասուլիսում պատասխանելով Հայաստանի հետ կնքված վերջին համաձայնագրերի մասին հարցին, Մեդվեդեւն ասել էր, թե Ռազմական բազայի մասին համաձայնագիրն ընդամենը նշանակում է, որ դրա տեղակայումը երկարացվում է մի քանի տարով: Նա ասել էր նաեւ, թե Ռուսաստանը կողմ է ղարաբաղյան կարգավորման բանակցությունը Մինսկի խմբի շրջանակում շարունակելուն եւ ինտենսիվացնելուն:

No comments:
Post a Comment