Wednesday, September 22, 2010

Էրդողանի գաղտնի արձակուրդները շարունակվում են. էպիլեպսիայի վարկածն սկսվում է հաստատվել

Tert.am. 22-9-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտանիքի հետ կիրակի անակնկալ արձակուրդի է մեկնել: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքական մամուլի տեղեկացմամբ` Էրդողանն արձակուրդի է մեկնել բացարձակ գաղտնիության պայմաններում` մոլորեցնելով թուրք լրագրողներին:
Նախքան մեկնելը Թուրքիայի վարչապետի ավտոշարասյունը ժամանել է կառավարության շենք և մամուլի համար տեղեկություն է տարածվել, թե Էրդողանն իր աշխատասենյակում դռնփակ հանդիպումներ է անցկացնում: ԶԼՄ-ների ներկայացուցիչները մինչև երեկո կառավարության շենքի դիմաց սպասել են Թուրքիայի վարչապետին, այնինչ այդ ընթացքում Էրդողանը ոչ թե կառավարության շենքում էր, այլ` արձակուրդի մեջ:
Թայիփ Էրդողանն իր ընտանիքի հետ հանգստանալու է մինչև այս ուրբաթ: Իսկ թե ներկա պահին որտեղ է գտնվում Թուրքիայի վարչապետը, ոչինչ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Էրդողանն արդեն երկրորդ անգամ է գաղտնիության պայմաններում արձակուրդ գնում: Հուլիսի սկզբին չեղյալ հայտարարելով շաբաթվա ընթացքում նախատեսված բոլոր ծրագրերը` Էրդողանն ընտանիքի հետ անակնկալ մեկնել էր հանգստի:
Իսկ անցած ամիս իսրայելական Maariv պարբերականը գրել էր, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է էպիլեպսիայով՝ նշելով, որ հուլիսի սկզբին Թայիփ Էրդողանն արձակուրդի էր գնացել ոչ թե հանգստանալու, այլ բուժման նպատակով:
Իսրայելական պարբերականը, վկայակոչելով թուրքական ընդդիմադիր աղբյուրները, գրել էր. «Թուրք ընդդիմադիրները վերջին օրերին հանդիպել են արևմտյան դիվանագետների հետ և նրանց տեղեկացրել Էրդողանի առողջական խնդիրների մասին»:

No comments:

Post a Comment