Monday, September 6, 2010

Ադրբեջանի ժողովուրդը իշխանությունից պահանջում է նավթի իր բաժինը

Panorama.am. 6-9-2010- Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, ստորգետնյա եւ վերգետնյա հարստությունները պատկանում են ժողովրդին: Սակայն իրականում արդեն 17 տարի է` այլ Սահմանադրություն է գործում: Նավթով հարուստ Ադրբեջանի բազմամիլիոն ժողովրդին տարիներ շարունակ պահում են աղքատության մեջ: Ադրբեջանի տնտեսության 90 տոկոսը նավթի եկամուտներն են կազմում, սակայն նավթային այդ փողերից ժողովրդին կոպեկներ է հասնում: Այդ մասին գրում է «Ենի Մուսավաթը»:
Թերթը հայտնում է, որ վերջերս նախկին պատգամավոր Մաթլաբ Մութալիմլին հայտարարել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլաեւից պահանջելու է նավթի իր բաժինը: Թերթը նման հարցադրումով հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում եւ փորձել պարզել, թե ինչ մեծության նավթաբաժնի մասին է խոսքը, որ ժողովուրդը ցանկանում է ունենալ:
«Հարցման ենթարկվածների մեծամասնությունը նավթից բաժին ստանալու հույս չունի եւ երանի է տալիս` նավթ չլիներ, քանի որ դրանից միայն 5-10 մարդ է օգտվում: Նրանք գտնում են, որ Ադրբեջանը դեսպոտներն են ղեկավարում, եւ որ քաղաքացիների տները քանդող ու աղետյալներին փոխհատուցում չտվող կառավարությունը նավթից բաժին չի տա քաղաքացիներին: Հարցվածներից շատերը գտնում են, որ եթե Ադրբեջանի կառավարությունը նավթային եկամուտներից նվազագույնը 500 մանաթ մասնաբաժին վճարի յուրաքանչյուր քաղաքացու, ընտրությունները կեղծելու եւ բռնությունների կարիք չի լինի` ժողովուրդն ինքը կընտրի նույն ղեկավարին»,- գրում է թերթը:
«Իհարկե, Ադրբեջանը շատ հեռու է Նորվեգիայի դեմոկրատական մոդելից, բայց նա կարող է գոնե ընդօրինակել իրեն հոգեհարազատ արաբական երկրների մոդելը: Արաբ շեյխերն էլ են հեռու ժողովրդավարությունից, բայց դրա փոխարեն ժողովրդին արադարացի բաժին են հանում նավթից: Անցկացված հարցումը ցույց է տվել, որ նման հույս ադրբեջանական ժողովուրդը, ներկայիս իշխանության պարագայում, բնավ չունի», -գրում է «Ենի Մուսավաթը»:

No comments:

Post a Comment