Monday, September 6, 2010

Մենք պետք է շնորհակալ լինենք թուրքերին, որ չվավերացրեցին Արձանագրությունները. Արամ Սարգսյան

Tert.am. 6-9-2010- «Մադրիդյան սկզբունքներ կոչվածը շատ վտանգավոր է մեզ համար։ Եվ ես ասում եմ, որ հատկապես այն կետը, որը վերաբերում է ԼՂ անկախության ձեռքբերմանը՝ իբր այդ Մադրիդյան սկզբունքների համաձայն, լղոզված, անհասկանալի և շատ վտանգավոր կետ է»,– այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը։

Դեմկուսի ղեկավարը Մադրիդյան սկզբունքները համեմատեց հայ–թուրքական կարգավորմանն ուղղված Արձանագրությունների հետ, շեշտելով, որ այն նույնպես մեզ համար վտանգավոր է։ Ըստ Սարգսյանի, «մենք պետք է ընդամենը շնորհակալ լինենք թուրքերին, որ պատճառ բռնելով Ադրբեջանի պահանջները, առ այսօր չեն վավերացրել այդ Արձանագրությունները»։ Ի դեպ, նա նաև ավելացրեց, որ հիշյալ Արձանագրություններից ստորագրությունը հետ վերցնելու ՀՅԴ–ի պահանջին իրենք համամիտ են։

Շարունակելով հայ–թուրքական թեման Վանի Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու շուրջ զարգացումների համատեքստում՝ ՀԴԿ նախագահն ասաց. «Զուտ քաղաքական տեսանկյունից հետևյալն է. իհարկե, Թուրքիան չի պատրաստվում իրական զիջումներ անել հայկական կողմին ոչ մի պարագայում և ոչ մի հարցում։ Սա մենք պետք է շատ հիանալի հասկանանք։ Նա ունի շատ հստակ արտաքին քաղաքականության դոկտրին, որի մեջ Հայաստանն ուղղակի չի տեղավորվում»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը Թուրքիային «միայն ու միայն պետք է նրա համար, որ ինքը, փակելով այս տարածքը, հնարավորություն ունի վերամիավորվել իր երբայրների հետ»։Սուրբ խաչ եկեղեցու վրա խաչ չտեղադրելու թուրքական իշխանությունների որոշումը Դեմկուսի ղեկավարը մեզ համար ևս մեկ դաս է համարում։ Ըստ նրա, եթե հայկական կողմն այդ արարողությանը չպետք է լիներ տանտեր, ավելորդ է այդ արարողությանը մեր մասնակցությունը։

Արամ Սարգսյանն այն համոզմանն է, որ թուրքական իշխանությունների այդ որոշումը Հայաստանի համար աշխարհով մեկ քարոզարշավ սկսելու լավ առիթ է՝ աշխարհին ցույց տալու համար, թե ինչպիսին է Թուրքիան։ Նա նաև ճիշտ համարեց Սուրբ խաչի արարողությանը Մայր Աթոռի մասնակցության առկախումը. «Չէ ներողություն, իսկ գնան, եկեղեցի չի, թանգարան է, թանգարան օծե՞ն։ Եթե խաչ չկա, էլ ի՞նչ եկեղեցի»:

No comments:

Post a Comment