Saturday, September 4, 2010

ԻՆՉ ԵՎ ՈՒՄ ՀԱՄԱՐ ԿԼԻՆԻ ԱՆԱԿՆԿԱԼ

«Լրագիր» 4-9-2010- Այն բանից հետո, երբ Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը որոշակիորեն կանխատեսողի դեր վերցնելով իր վրա հայտարարեց, թե սեպտեմբերի 17-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը կունենա անակնկալներ եւ նոր շեշտադրումներ, որոնք նոր ընթացք կտան պայքարին, հասարակական-քաղաքական շրջանակներում բնականորեն սկսեցին մտորումներն այն մասին, թե ինչպիսին են լինելու անակնկալները, նոր շեշտադրումները: Ինչպիսի՞ն կարող է լինել հասարակությանը Լեւոն Տեր-Պետրոսյանի մատուցած անակնկալը, նոր շեշտադրումը, եւ այն ինչպիսի նոր ընթացք կտա ընդդիմության պայքարին: Դժվար է ասել, թե ինչ է մտածում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարելի է թերեւս ենթադրել կամ երեւակայել, փորձել պատկերացնել, թե ինչ անակնկալ նա կարող է մտածած լինել, կամ նրա մտածած ինչը կարող է լինել անակնկալ: Օրինակ, անակնկալ թերեւս կարող է լինել այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 17-ին հայտարարի ընդդիմության առաջնորդության եւ պայքարի հարցում իր դերը որոշակիորեն նվազեցնելու մտադրության մասին: Խոսքն իհարկե քաղաքականությունից հեռանալու այն կանխատեսումների մասին չէ, որ հնչեցնում են իշխանության տարբեր եզրեր եւ նույնիսկ Գալուստ Սահակյանը, ով ընդհանրապես հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանը վաղուց է հեռացել քաղաքականությունից: Խոսքն այն մասին է, որ Տեր-Պետրոսյանը պարզապես կարող է մտածել Կոնգրեսը մարդ կառույցից ինտիտուտ-կառույցի վերածելու մասին: Ասենք, նա կարող է առաջարկով հանդես գալ, որ Հայ Ազգային Կոնգրեսն ունենա համընդհանուր ընտրական մեխանիզմով ձեւավորվելիք մի մարմին, որը կարելի է խորհրդարան անվանել, կամ Խորհուրդ, կամ պալատ: Անունը տվյալ դեպքում կարեւոր չէ: Կարեւոր է Կոնգրեսի ղեկավարման, Կոնգրեսի որոշումների կայացման, մարտավարության եւ ռազմավարության հարցում ներկայացուցչականության բարձրացման կամ ընդհանրապես ներկայացուցչականության ապահովումը: Մեխանիզմի մասին իհարկե կարելի է մտածել, թե ովքեր են ընտրելու եւ ովքեր կարող են ընտրվել այդ մարմնում: Բայց դա թերեւս հենց կլինի անակնկալ ու նոր շեշտադրում, երբ Կոնգրեսի ակտիվիստներն անմիջականորեն կկարողանան մասնակից լինել այդ կառույցի գործունեությանը ոչ միայն բողոքի ակցիաների մասնակից լինելու, այլ նաեւ մարտավարության եւ ռազմավարության առումով որոշումներ կայացնելու գործընթացի վրա ազդելու իմաստով: Եվ դա կարող է լինել նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրություն: Ի վերջո, կոնգրեսական առաջնորդները ոչ մեկ անգամ են հայտարարել, որ Կոնգրեսում է Հայաստանի ապագա իշխանությունն ու ընդդիմությունը: Դե ուրեմն Կոնգրեսում էլ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է նախաձեռնել այդ գործընթացը, եթե իհարկե նրա անակնկալներն ու շեշտադրումներն ավելի միտված չեն լինելու հենց Հայաստանում սպասվող հերթական ընտրություններին: Բայց այդ դեպքում էլ, Կոնգրեսի կառավարման ներկայացուցչականությունն ապահովելով, բարձրացնելով կամ ընդլայնելով, այդ կառույցի առաջնորդը կարող է այն ավելի պատրաստ դարձնել խորհրդարանի ընտրությանը, որտեղ անհատի գործոնն այդքան էլ մեծ նշանակություն չի ունենալու, ինչի մասին վկայեց թեկուզ Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Եվ աներկբա է, որ նախաձեռնելով գոործընթաց, կամ հռչակելով Կոնգրեսի գործունեության մեջ սեփական դերի նվազեցման եւ հնարավորին մեծ ներկայացուցչականության ապահովման անհրաժեշտության մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանը կփոխի պայքարի ընթացքը: Այն արդեն կախված չի լինի մեկ մարդուց, ինչը հնարավորություն կտա անմիջապես երեւան բերել ավելորդ մարդկանց, որոնք ընդդիմության մեջ ավելի քիչ չեն, քան իշխանությունում: Դա նրանց կստիպի կամ աշխատել, մտածել, կամ էլ հեռանալ եւ տեղ բացել աշխատողների ու մտածողների համար: Մինչդեռ այժմ թացն էլ չորի հետ ծվարել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ստվերում եւ վայելում է ընդդիմադիր լինելու փառքը: Անակնկալը կարող է լինել հենց ընդդիմության մեջ ցորենը որոմից զատելու գործընթացը: Այդ գործընթացը ենթադրվում էր Կոնգրեսի ստեղծմամբ, բայց հռչակելով այդ կառույցը, իրականում քիչ բան արվեց այն իսկապես ներկայացուցչական ընդդիմություն դարձնելու ուղղությամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ մարդկայնորեն չցանկացավ, կամ վախեցավ նվազեցնել սեփական դերը եւ ընդդիմադիր շարժումն ավելի շատ վստահելով Կոնգրեսի, ոչ թե սեփական կառավարմանը: Հիմա նա գուցե տեսնում է, որ մթնոլորտը թե Հայաստանում, թե աշխարհում փոխվում է, այն չէ, ինչ երկու կամ երեք տարի առաջ: Եվ միգուցե Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտակցում է, որ այդ նոր մթնոլորտին համարժեք ընդդիմություն ունենալու համար պետք են նոր պատկերացումներ, նոր մոտեցումներ, որոնք կարող են առաջանալ միայն հնի ու նորի բախման, ոչ թե հնի հավերժական պաշտամունքի պարագայում: Կամ էլ Տեր-Պետրոսյանը գուցե համարում է, որ Կոնգրեսը արտաքին ձեւի առումով արդեն բավական կայուն է եւ կարելի է գնալ ներքին կառուցվածքային եւ բովանդակային բարեփոխումների: Բայց կրկին, անակնկալը հարաբերական հասկացություն է, ոչ միայն ինքնին, այլ հասցեատիրոջ առումով էլ: Կարեւոր է, այդ ամենից զատ, եւ թերեւս ամենից առաջ, թե ոչ միայն ինչ անակնկալ է մտածել Տեր-Պետրոսյանը, այլ նաեւ այն, թե ում համար է նա դա մտածել: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment