Tert.am. 4-9-2010- Коммерсант–ը գրում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Բաքու նպատակ ուներ փոխհատուցելու Ռուսաստանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ամրապնդումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքում վերջապես ձևակերպվեց երկու երկրների միջև սահմանային գիծը, ընդ որում՝ Բաքվի համար ձեռնտու պայմաններով։ Սակայն կարևորագույն ձեռքբերումը, ըստ Коммерсант–ի, երեկ ստորագրված համաձայնագիրն էր, որի համաձայն՝ «Գազպրոմը» 2011–ից երկու անգամ ավելի շատ ադրբեջանական գազ կգնի՝ Բաքվի համար ապահովելով տարեկան 5 մլրդ դոլար։ Այդ պայմանավորվածությունները, որոնք գալիս են հաստատելու Բաքվի ողջ գազը գնելու Մոսկվայի պատրաստակամությունը, ծայրահեղ տհաճ անակնկալ կդառնան Եվրամիության, մասնավորապես, դրա Nabucco նախագծի համար։ Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանը երկու անգամ կմեծացնի ներմուծման ծավալները՝ հասցնելով այն տարեկան 2 մլրդ խմ–ի, իսկ 2012–ից այն կգերազանցի 2 մլրդ–ը։ Կոմերցիոն տեսանկյունից այն ձեռնտու չէ «Գազպրոմին», սակայն ադրբեջանական գազի դիմաց վճարելով ԱՊՀ երկրներում գազի ձեռքբերման ամենաբարձր գինը՝ Ռուսաստանը կարևոր քաղաքական հարցեր է լուծում։ Հիշեցնենք, որ ադրբեջանական գազը պետք է դառնար եվրոպական Nabucco նախագծի հիմնական ռեսուրսային բազան։

No comments:
Post a Comment