Wednesday, September 22, 2010

«Կապիտալ». Հայաստանցինե՞րն են պահում Թուրքիայի իրենց բարեկամներին

Օրաթերթն անդրադառնում է Հայաստանի կենտրոնական բանկի հուլիս ամսվա տեղեկագրին և նկատում, որ ինչպես նախկինում, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ևս, Հայաստանից Թուրքիա ՀՀ բանկային համակարգի միջոցով ավելի շատ մասնավոր տրանսֆերտներ են ուղարկվում, քան` Թուրքիայից՝ Հայաստան:
2010թ. հունվար-հուլիս ժամանակահատվածում Թուրքիայից Հայաստան ՀՀ բանկային համակարգի միջոցով կատարվել են ընդամենը $570 հազ-ի փոխանցումներ (ոչ առևտրային բնույթի), մինչդեռ Հայաստանից Թուրքիա կատարված փոխանցումների ծավալը կազմել է $3,75 մլն: Փաստորեն ՀՀ բանկային համակարգի միջոցով Հայաստանից Թուրքիա այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կատարված զուտ մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է $3,15 մլն: Ընդ որում՝ այդ ցուցանիշը ավելի քան երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը ($1,49 մլն): 2009թ. Հայաստանից Թուրքիա կատարված զուտ մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել էր ավելի քան $4 մլն: Այս թվերը ուշագրավ են հատկապես այն պատճառով, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են իրենց երկրում անօրինական հայ միգրանտների թվի վերաբերյալ չափազանց մեծ թվեր: Թուրքերը սկզբում հայտարարում էին, թե Թուրքիայում բնակվում և աշխատում է 40 հազ. հայ ապօրինի ներգաղթյալ, հետո այդ թիվը հասցրին 50 հազարի, այնուհետև` 70 հազարի: Իսկ այս տարվա մարտին էլ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիայում բնակվում են 170 հազ. հայեր, որոնցից միայն 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի, իսկ 100 հազ-ը՝ ապօրինի ներգաղթյալներ են: Հայտնի է, որ ապօրինի ներգաղթյալները հիմնականում աշխատանքի նպատակով են մեկնում այս կամ այն երկիր, և աշխատելով այդ երկրներում` նրանք դրամական փոխանցումներ են կատարում Հայաստանում գտնվող իրենց հարազատներին: Հազարավոր հայաստանցիներ այդ կարգավիճակով գտնվում են Ռուսաստանում, ինչն արտացոլվում է նաև Հայաստան կատարվող մասնավոր տրանսֆերտների թվի ու կառուցվածքի վրա: Ռուսաստանից Հայաստան ամեն տարի բանկային համակարգի միջոցով ավելի քան $1 մլրդի փոխանցումներ են կատարվում: Հետևաբար անհասկանալի է` եթե իսկապես տասնյակ հազարավոր հայաստանցիներ գնում են Թուրքիա և ապօրինի կարգավիճակով աշխատում այնտեղ, ապա ինչպես է ստացվում, որ Հայաստանից Թուրքիա 6-7 անգամ ավելի շատ մասնավոր տրանսֆերտներ են փոխանցվում, քան Թուրքիայից՝ Հայաստան:

No comments:

Post a Comment