Monday, September 6, 2010

ԱՊՏԱԿ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ, ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆ

«Լրագիր», 06.09.2010: Հիշում եք, հունիսի 18-ին տեղի ունեցած Չայլուի հայտնի ողբերգությունը, ադրբեջանական “կատարմամբ”, Հայաստանի իշխանությունն ու նրան կից գործող քաղաքագիտական հանրույթը միաբերան ասում էին, թե Ադրբեջանն այդպիսով ապտակել է Ռուսաստանին, քանի որ դիվերսիա է արել հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումից անմիջապես հետո:
Ադրբեջանն այժմ էլ երկու նոր դիվերսիա փորձեց իրականացնել: Մեկը Մեդվեդեւի այցից անմիջապես առաջ, իսկ մյուսն անմիջապես հետո: Այսինքն, փաստորեն, եթե դատենք “հայկական” տրամաբանությամբ, Ադրբեջանը եւս երկու “ապտակ” է հասցրել Մեդվեդեւին, առավել եւս, եթե նկատի առնենք, որ այդ ապտակները հասցրել է այն բանից հետո, երբ Մեդվեդեւը թե Հայաստանում, թե նաեւ Բաքվում, խոսել է հակամարտության խաղաղ կարգավորման, Կովկասի կայունության պահպանման կարեւորության եւ պատրաստակամության մասին:
Ու դրանից հետո Բաքուն երկու անգամ “ապտակում” է Մեդվեդեւին: Իսկ Հայաստանը լռում է: Հայաստանն էլ իհարկե այս անգամ ապտակեց Բաքվին, հետ մղելով դիվերսիաները, առանց որեւէ կորստի: Բայց չգիտես ինչու այլեւս փորձ չի արվում Մեդվեդեւին հիշեցնելու, կամ տեղեկացնելու, որ իրեն նորից ապտակել են:
Մի կողմից, դա կարող է լավ լինել, այն իմաստով, որ Հայաստանում գուցե հասկացել են, որ այդօրինակ դեպքերում պետք է հույսը դնել սեփական ուժի վրա, ոչ թե փորձել Ռուսաստանին կռվացնել ադրբեջանցիների հետ: Մյուս կողմից, սակայն, գուցե հենց Ռուսաստանն է Հայաստանին ասել` մեղմ ասած ասել, որ մյուս անգամ Հայաստանը չփորձի իր խնդիրները լուծելու համար խաղալ Մեդվեդեւի “այտերի” հետ եւ հայտարարել, թե նրան ապտակել են:
Այսինքն, Հայաստանը գուցե այս անգամ էլ հաճույքով կասեր, բայց Ռուսաստանն այլեւս թույլ չի տալիս: Իսկ Ադրբեջանին փաստորեն ինչ որ բան թույլ է տալիս: Այլապես առնվազն տարօրինակ է, որ Մեդվեդեւը Բաքվում խոսում է այն մասին, թե Ռուսաստանը տարածաշրջանի կայունություն է պահպանում, իսկ դրանից անմիջապես հետո Ադրբեջանը հերթական դիվերսիան է փորձում իրականացնել: Ուրեմն կամ Մեդվեդեւը դրանից չի նեղվում, ինչքան էլ որ ցավալի լինի հայկական կողմի համար, կամ էլ Ադրբեջանը բացարձակապես չի նեղվում Ռուսաստանից եւ անում է այն, ինչ հարկ է համարում:
Ու այդ իմաստով հատկանշական է, որ ադրբեջանական երկու դիվերսիաները կատարվում են այն բանից հետո, երբ Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրած համաձայնությամբ ստանձնում է Հայաստանի անվտանգության ապահովման գործառույթ: Իշխանությունն ու նրան կից նույն քաղաքագիտական հանրույթն այդ համաձայնագիրը որակեցին որպես Հայաստանի անվտանգությունը եւս մի մակարդակով բարձրացնելու եւ Ադրբեջանի ռազմատենչությունը զսպելու հիանալի եւ իմաստուն քայլ: Զարմանալի է, բայց փաստ, որ այդ իմաստուն քայլից հետո, երբ ռուսները ստանձնեցին Հայաստանի անվտանգությունն ապահովելու պարտավորությունը, Ադրեջանը կարծես թե ավելի հանդուգն է դարձել եւ առավել հաճախ է դիվերսիոն գործողություններ իրականացնում:
Մյուս կողմից, հնարավոր է իհարկե, որ իրականում դիվերսիոն նախաձեռնությունն Ադրբեջանինը չէ, այլ հայկական զինուժինը, ինչպես ադրբեջանցիներն են ասում: Նրանց ասածն իհարկե հեչ, նրանք միշտ էլ այդպես են ասել ու ասելու են, բայց գուցե իսկապես, այս անգամ հայկական կողմն է դիմել առաջին քայլին, թեկուզ եւ Չայլուի միջադեպի պատասխանը տալու համար, եւ տվել է շատ հաջող պատասխան ու նույնիսկ կարողացել է ադրբեջանցու դիակը գերելու շնորհիվ ապահովել իր քարոզչական ամրությունը: Այդ պարագայում իհարկե հայկական զինուժի գործողությունը թերեւս միանգամայն ողջունելի է, թե մտահղացման, թե իրականացման առումով: Եթե Ադրբեջանին տրվել է Չայլուի պատասխանը, ընդ որում Չայլուից ավելի ուժգին եւ կրկնակի, ապա դա լավ է եւ այն է, ինչով պետք է զբաղվի պետության բանակը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:

Post a Comment