News.am. 29-10-2010- Հոկտեմբերի 25-26-ին Հայաստանի վարչապետի` Իրանի կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ կրթության, գիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության մասին 2010-2013 տարիների համար Գործնական ծրագիր` ի դեմս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ԻԻՀ գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուի:Երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության ոլորտում համագործակցությունը սկիզբ է առել 2001 թվականին` համապատասխան փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Մինչեւ 2008 թվականը երկու երկրների միջեւ կնքվել է եւս 2` փոխըմբռնման հուշագիր եւ գործնական ծրագիր: 2008 թվականից առ այսօր շարունակվել են նոր համաձայնագրի վերաբերյալ քննարկումները, բայց տարբեր պատճառներով դրա ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է: Վերջապես 2010 թվականին երկու կողմերը համաձայնության են եկել նոր Գործնական ծրագրի դրույթների շուրջ:
Համաձայն նոր Գործնական ծրագրի` կողմերը կրթության բնագավառում համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով կապահովեն կրթական համակարգերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում, որը կվերաբերի կրթական եւ գիտական հաստատություններին եւ ընթացող գործընթացներին: Բացի այդ, կողմերը կաջակցեն երկու երկրների բուհերի ուղղակի կապերի հաստատմանը, կկազմակերպեն բարձրագույն, մասնագիտական եւ հետբուհական կրթության վերաբերյալ ուսումնական ծրագրերի փոխանակում, ինչպես նաեւ կիրականացնեն համատեղ կրթական ծրագրերի մշակում եւ գործադրում: Գործնական ծրագրի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթաթոշակների ամենամյա փոխանակում, մասնավորապես, ՀՀ-ն իրանական կողմին կհատկացնի 5 ասպիրանտական տեղ, իսկ ԻԻՀ-ը` 2 բակալավրական, 2 մագիստրոսական եւ 2 ասպիրանտական տեղեր:
Գործնական ծրագրի ստորագրմամբ կողմերը կնպաստեն միմյանց լեզվի, գրականության, պատմամշակութային, հոգեւոր ժառանգության եւ քաղաքակրթության ուսուցմանը եւ իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան գիտահետազոտական կենտրոնների ստեղծմանը, ինչպես նաեւ կաջակցեն ձեռնարկների եւ դասագրքերի փոխանակմանը:
Ծրագրի ստորագրմամբ կձեռնարկվեն քայլեր Երեւանի պետական համալսարանում իսլամագիտության ամբիոն եւ ԻԻՀ որեւէ համալսարանում հայագիտության ամբիոն հիմնադրելու ուղղությամբ: Բացի այդ, կողմերը կնպաստեն ՀՀ-ում իրանագիտական եւ ԻԻՀ-ում հայագիտական առարկաներ դասավանդող դասախոսների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը եւ ընդլայնմանը: Համաձայն ծրագրի` կողմերը կխրախուսեն գիտնականների եւ դասախոսների փոխայցելությունները՝ բարձրագույն կրթության եւ գիտության բնագավառներում իրենց գիտական եւ ուսումնական հաստատությունների փորձն ու նվաճումները միմյանց ծանոթացնելու նպատակով: Գիտական համագործակցության զարգացման եւ ընդլայնման նպատակով կողմերը կաջակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական նախագծերին, հնարավորություն կընձեռնեն իրենց երկրների կրթական եւ գիտական հանդեսներում հոդվածների հրապարակման համար, կխրախուսեն համատեղ ուսումնասիրությունների եւ հետազոտությունների հրատարակմանը, համատեղ գիտաժողովների անցկացմանը: Կողմերը համալսարանների եւ բուհերի համար կփոխանակեն նոր տեխնոլոգիաներ, միմյանց գիտական հաստատությունների եւ կազմակերպությունների համար փոխշահավետ պայմաններով կիրականացնեն տեխնիկական միջոցների եւ սարքավորումների առաքում:
Կողմերը համաձայնության են եկել ՀՀ բուհերի գիտական մակարդակն ուսումնասիրելու նպատակով մոտ ապագայում ՀՀ գործուղել ԻԻՀ գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների պատվիրակությանը, որպեսզի մինչեւ տարվա վերջ իրանական կողմը քայլեր ձեռնարկի Հայաստանի որոշ բուհերի դիպլոմների ճանաչման ուղղությամբ:
No comments:
Post a Comment