«Լրագիր» 28-10-2010- Արդյոք Աստրախանում տեղի ունեցած հերթական եռակողմ հանդիպմանը, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ արդեն յոթերորդն է երկու տարվա ընթացքում, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց մասին չի հայտարարվել հանդիպումից հետո: Այդ հարցն է երեւի թե գլխավորը, որ առաջացրել է հանդիպումը շատերի մոտ, հատկապես դրանից հետո հնչած հրապարակային հայտարարությունների համատեքստում: Հրապարակավ հայտարարվել է, որ նախագահները վերհաստատել են Մայնդորֆի հռչակագրին իրենց հավատարմությունը, նաեւ պայմաանավորվել են գերիների եւ դիակների փոխանակություն իրականացնել: Մեկ էլ հանձնարարել են արտգործնախարարներին, որ առավել ակտիվացնեն ջանքը մինչեւ ԵԱՀԿ դեկտեմբերի Վեհաժողովը:Այդքանը հայտարարվել է: Իսկ կա արդյոք բան, որը չի հայտարարվել: Գուցե հայտարարվածն էլ քիչ չէ, բայց ակնհայտ է, որ այն քիչ է ԵԱՀԿ Աստանայի Վեհաժողովում բեկումնային իրադարձություն սպասելու համար: Մեղմ ասած կասկածելի է, որ կողմերը մինչ այդ համաձայնության գան հիմնարար սկզբունքների շուրջ, եւ այնտեղ ստորագրվի որեւէ փաստաթուղթ: Աստանայում գուցե հավանական է ԵԱՀԿ համանախագահ եռյակի երկրների նախագահների մի նոր հայտարարություն, ինչպես եղավ Իտալիայում եւ Կանադայում:
Բանն այն է, որ եթե ջանքի գործադրումը հանձնարարվում է արտգործնախարարներին, ապա դա նշանակում է, որ խոսքն ընդամենը գործընթացը սովորական հունով շարունակելու մասին է, քանի որ տվյալ պարագայում արտգործնախարարների մանդատը հազիվ թե ենթադրի ավելին: Այն, ուր հասել է կարգավորման գործընթացը, արդեն պահանջում է նախագահների, ոչ թե արտգործնախարարների ջանք, քանի որ խոսքը վճռական որոշումների կայացման մասին է: Օրինակ, Իլհամ Ալիեւը պետք է որոշի` ընդունե՞լ Ղարաբաղի կարգավիճակի հարցի գերակայությունը եւ սեփական հանրությանը համոզել այդ հարցում, թե ոչ: Պարզ է, որ Մամեդյարովը չունի այդ բանն անելու մանդատ:
Նույնը Սերժ Սարգսյանի դեպքում` նա պետք է որոշի` ընդունե՞լ տարածքների վերադարձի առաջնայնությունը եւ համոզել հասարակությանը, դրանով հերթը կարգավիճակին հասցնելու համար: Կամ Ալիեւը պետք է մի բան որոշի, կամ Սարգսյանը: Իրավիճակը կարծես թե պարզ է: Հետեւաբար պարզ է նաեւ, որ եթե բանն իսկապես մնում է արտգործնախարարներին, ապա կողմերը երկուստեք հեռու են որոշումներից, հետեւաբար կարգավորման գործընթացն էլ հեռու է բեկումնային պահից:
Ահա այդ առումով է թերեւս էական, թե արդյոք հանդիպումը, որ տեղի ունեցավ Աստրախանում, այն էր, ինչ հայտարարվեց դրանից հետո, թե իրականում առաջիկա ամսի ընթացքում նախագահների ջանքի խնդիր է դրվել:
Բայց, հարցը տվյալ դեպքում նաեւ այն է, որ պետք է թերեւս դադարել Ղարաբաղի հարցում ինչ որ կտրուկ բեկման սպասելուց կամ ակնկալելուց: Կարծես թե նկատելի է, որ աշխարհը, միջնորդները, այդ տարբերակին զուգահեռ, հավասար, գուցե նաեւ դրանից ավելի, նախապատվությունը տալիս են այսպես կոչված կարգավորման “բնական” տարբերակին, երբ կյանքը կբերի մի այնպիսի հանգրվանի, որ կարգավորումը տեղի կունենա ուժերի բնական դասավորությամբ:
Այսինքն, կյանքը շարունակվում է, Ադրբեջանը, Հայաստանն ու Ղարաբաղը ապրում են, նրանց որեւէ բան չի պարտադրվում, պարզապես ժամանակի ընթացքում ով այդ ապրելու հարցում հասնում է առավել նշանակալի հաջողության` կամ տնտեսական, կամ քաղաքական, կամ բարոյահոգեբանական առումներով, նա էլ աստիճանաբար առավելության է հասնում հակամարտ մյուս կողմի հանդեպ: Իսկ այդ առավելությունն էլ արդեն կամաց կամաց կվավերացնի միջազգային հանրությունը:
Օրինակի համար թերեւս պետք չէ գնալ հեռու: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտի կողքին օգտագործում են արդեն, ընդ որում պաշտոնական հայտարարության մեջ, Խանքենդի անվանումը: Դա հենց այն կյանքի վկայությունն է, որով առաջ են գնում հայկական եւ ադրբեջանական կողմերը: Մեկ այլ վկայություն էլ այն է, որ Ռուսաստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Հեյդար Ալիեւի արձանի բացման առիթով` Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը նույն օրը նույն քաղաքում միայնակ բացում է երկու տարի առաջ կառուցված մի խաչքար: Եվս մի վկայություն է այն, որ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը այնպես է խուսափում Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցից, որ մեր խորհրդարանականներին դեմքով չճանաչելու պարագայում նայողը կկարծի, թե խոսքը Ադրբեջանի խորհրդարանի մասին է, որովհետեւ երեւի թե միայն այնտեղ կարող էին այդ աստիճան փութաջանությամբ խուսափել Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը գոնե մի կարգին քննարկելուց:
Ղարաբաղի հարցի բեկում արդեն երեւի թե միայն Հայաստանում են լրջորեն սպասում: Ոմանք սպասում են տագնապով, որ բեկումը իրենց վերջն է, ոմանք սպասում են հույսով, որ բեկումն իրենց սկիզբն է: Մինչդեռ կյանքը կամաց-կամաց առաջ է տանում իր կարգավորումը, մինչ Հայաստանում սպասում են բեկման:
Հայաստանն ու Ադրբեջանը որակական առումով այսօր հավասարազոր երկրներ են: Այնտեղ էլ, այստեղ էլ իշխանությունը պահվում է առավելապես ուժային մեթոդներով: Այնտեղ էլ, այստեղ էլ երկրի հարստությունը տնօրինում է մարդկանց մի խումբ: Այնտեղ էլ, այստեղ էլ հասարակությունը գտնվում է բարոյահոգեբանական ճգնաժամում: Բայց այնտեղ կա նավթ եւ գազ, ինչի առավելությունն էլ Ադրբեջանը օգտագործում է: Հայաստանը դրան կարող է հակադրել ստեղծագործական միտքը ժամանակակից արժեքների եւ տեխնոլոգիաների գեներացման առումով, սակայն դրա համար հարկավոր է իրապես ազատական միջավայր: Բայց այդ միջավայրն էլ իր իշխանական դիրքին սպառնացող վտանգ է համարում իշխող “վերնախավը”:
Արդյունքն այն է, որ իր գլխին կանգնած վտանգից խուսափելով, այդ “վերնախավը” ավելի ու ավելի է ուժգնացնում Ղարաբաղի գլխին կախվող վտանգը: Դա եթե խոսում ենք Ղարաբաղի հակամարտության մասին: Իսկ ընդհանրապես, խոսքը Հայաստանի գլխին կախված վտանգի մասին է:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment