Ո՞րն է մեր երկրում ժողովրդավարության բացակայության հիմնական պատճառը։ Այս հարցի շուրջ մենք հաճախ ենք բանավիճում։ Այդ բանավեճերի ժամանակ իրար են բախվում հիմնականում երկու տեսակետ։ Ըստ առաջինի՝ ժողովրդավարության բացակայությունը Հայաստանում պայմանավորված է հասարակության զգալի զանգվածի ցածր քաղաքացիական գիտակցության մակարդակով։ Ըստ երկրորդի՝ պատճառը ներկայիս իշխանությունների մոտ ժողովրդավարություն ապահովելու համար անհրաժեշտ համապատասխան քաղաքական կամքի բացակայությունն է։Կարծում եմ, որ իրականում երկու տեսակետներն էլ յուրովի ճշմարիտ են, սակայն պետք է նշել, որ դեմոկրատիայի բացակայության համար գոյություն ունի հիմնական պատասխանատուների հստակ շրջանակ: Դրանք են՝ իշխանությունները և նաև այն մտավորականները, հասարակական և քաղաքական գործիչները, իրավապաշտպանները և այլն, որոնք, շատ լավ հասկանալով, որ համար մեկ պատասխանատուն հենց իշխանություններն են, ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում դա հրապարակայնորեն ընդունել։ Այստեղ կբերեմ մեկ օրինակ ի ապացույց ասվածին։
Վերջերս, Ա1-ի P.S. հաղորդման ժամանակ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, անդրադառնալով խոսքի ազատության խնդրին, հայտարարեց, որ Հայաստանում հեռուստաեթերն ազատ չէ։ Կարծում եմ ակնհայտ է, որ հեռուստաեթերի ազատ չլինելը պայմանավորված չէ այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են դեմոկրատիային ժողովրդական լայն զանգվածների պատրաստ չլինելը, չինովնիկների կաշառակեր լինելը կամ օլիգարխների ագահությունը։ Հեռուստաեթերի ազատ լինել-չլինելը կախված է մի քանի մարդկանցից, որոնք գտնվում են իշխանական բուրգի գագաթին։ Կա՞ մեկը, ով կարող է հերքել սա։
Նշանակում է, որ մեր պետությունը չի երաշխավորում խոսքի ազատությունը, որը հանդիսանում է ժողովրդավարության կարևորագույն հենասյուներից մեկը։ Միայն այս հանգամանքը բավարար է եզրակացնելու, որ սահմանադրական կարգ Հայաստանում գոյություն չունի, քանզի չի գործում Սահմանադրության հիմնական դրույթներից մեկը, որն ամփոփված է Սահմանադրության հենց առաջին հոդվածում (ի դեպ, այս հոդվածը փոփոխության ենթակա չէ), ըստ որի, ՀՀ-ն ժողովրդավարական, իրավական երկիր է։ Հիշենք նաև, որ ըստ նույն սահմանադրության, գոյություն ունի կոնկրետ անձ, որը հանդիսանում է սահմանադրության գարանտը` դա ՀՀ նախագահն է։
Բայց վերադառնանք մարդու իրավունքների պաշտպանին։ Ցավոք, պետք է նշել, որ նա, փայլուն կերպով իմանալով վերոնշյալ հանգամանքներն, այնուամենայնիվ անտեսում է դրանք, և խոսում է միայն օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, որոնք, ըստ նրա, որոշակի ժամանակ անց, միգուցե, կփոխեն հեռուստաեթերի hետ կապված ներկայիս իրավիճակը։
Ո՞րն է այսպիսի դիրքորոշման պատճառը։ Հավանաբար, օմբուդսմենը, ինչպես և որոշ հայաստանյան հասարակական, քաղաքական գործիչներ, համոզված է, որ մեր հասարակությունն ընդհանուր առմամբ պատրաստ չէ ժողովրդավարությանը, և որ իշխանություններն էլ իրենց դիրքերը զիջողներից չեն։ Այդ իսկ պատճառով վերոնշյալ գործիչներն առաջնորդվում են «շնից մազ պոկելն էլ է քյար» սկզբունքով։ Նաև համոզված լինելով, որ տեսանելի ապագայում, միևնույն է, լուրջ փոփոխություններ հնարավոր չեն, ձեռնպահ են մնում ողջ ճշմարտությունը ներկայացնելուց, որպեսզի հարվածի տակ չդնեն իրենց սեփական, հարաբերական կայուն կյանքը։
Լավ, պարոնայք, չե՞ք հավատում արագ փոփոխությունների հնարավորությանը, դա ձեր իրավունքն է: Սակայն ձեր կիսատ ճշմարտությամբ, սահմանադրական նորմերի խախտումերի վրա աչք փակելով դուք խոչընդոտում եք բոլոր նրանց պետականաստեղծ գործունեությանը, ով հավատում է այդպիսի փոփոխությունների հնարավորությանը։ Դուք ձեր պահվածքով համալրում եք ժողովրդավարության թշնամիների շարքերը։
Էդգար Վարդանյան
No comments:
Post a Comment