HayNews.am. 22-11-2010- Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 19 պատգամավորների նկատմամբ 2009 թվականից ի վեր տարբեր ատյաններում 554 գործ է բացվել, իսկ մեղադրող կողմերը նրանց համար ընդհանուր առմամբ պահանջել են 2,473 տարվա ազատազրկում: Ինչպես փոխանցում է Firat գործակալությունը, 2009 թվականին Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունից քրդական մեկ այլ՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը միացած 19 քուրդ պատգամավորների համար պահանջվում է միջինը 130 տարվա ազատազրկում:Իսկ միայն «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեթ Թյուրքի և փոխնախագահ Այսել Թուղլուքի համար ընդհանուր 139,5 տարվա ազատազրկում է պահանջվում: Մեղադրանքների հիմնական մասը կապված է արգելված կազմակերպությունների հետ կապեր ունենալու և դրանց օգտին քարոզչություն կատարելու հետ:
Հիշեցնենք, որ ահաբեկչական կազմակերպությունների հետ հարաբերություններ ունենալու մեղադրանքով Թուրքիայի Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 11-ին կայացրած որոշմամբ փակված քրդական խորհրդարանական «Ժողովրդավարական հասարակություն» (Demokrtik Toplum Partisi կամ DTP) կուսակցությանը եկավ փոխարինելու նոր «Խաղաղություն և ժողովրդավարություն» (Barış ve Demokrasi Partisi կամ BDP) կուսակցությունը, որը նախորդից ժառանգեց նաև 20 պատգամավորական մանդատները: BDP-ի այժմյան նախագահն է Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2010 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման՝ PKK-ի հետ կապեր ունենալու մեղադրանքով:
No comments:
Post a Comment