Tert.am. 22-11-2010- Նոյեմբերի 17-ին Նայրոբիում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեի հինգերորդ նիստի ընթացքում որոշում է կայացվել Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը (Armenian cross-stones art. Symbolism and Craftsmanship of Khachkars) ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության հեղինակավոր ներկայացուցչական ցանկի մեջ:Խաչքարի հոգևոր-ծիսական գործառույթների վերաբերյալ ամբողջական փաթեթը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էր փոխանցվել ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից` հասարակության լայն շրջանակների` խաչքարագործության արվեստին տիրապետող վարպետների, կրթական և գիտական համայնքի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ համայնքի ներգրավվածությամբ և աջակցությամբ:
Ոչ նյութական մշակութային ժառանգությունը` ավանդույթների, սովորույթների և մշակութային արտահայտությունների, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների այն ամբողջությունն է, որը մարդկանց որոշակի խմբեր ճանաչում են որպես իրենց ինքնագիտակցության և մշակութային ժառանգության մաս:
Հաշվի առնելով, որ խաչքարն ապրող ավանդույթ է համայն հայության համար, դրա ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում լայն շրջանակ կստեղծի դրա հետ կապված գիտելիքների, ծեսերի, ավանդույթների ու արհեստի պահպանման և հաջորդ սերնդներին փոխանցման համար: Դա նաև կերաշխավորի հայկական մշակութային արժեքների ճանաչումն ու դրանց հանդեպ հարգանքը, կնպաստի` որպես ազգային փաքրամասնություն` սփյուռքահայ համայնքների արժանապատվության բարձրացմանը, համայնքների միջև փոխադարձ հարգանքի ձևավորմանն ու իրենց մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև կխրախուսի հանդուրժողականությունը, միջմշակութային երկխոսությունը և միջազգային համագործակցությունը:
2005թ. մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային գլուխգործոցներից մեկն էր հռչակվել ՀՀ կողմից ներկայացված դուդուկի երաժշտությունը:
No comments:
Post a Comment