News.am. 3-11-2010- Հայաստանցիների 46 տոկոսն իր ապագան Հայաստանում չի տեսնում: Նման պատկեր է ստացվել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ անցկացված Հայաստանի բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքում:Ըստ այդմ, նշվում է, որ վերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոններից են բնակարանային եւ կենցաղային պայմանները: Անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներից յուրաքանչյուր 10-րդը չունի սեփական բնակարան:
Սեփական բնակարան ունեցող ընտանիքների 67 տոկոսի բնակպայմանները համապատասխանում կամ գերազանցում են խորհրդային տարիներին սահմանված մեկ շնչին ընկնող բնակսանիտարական նորման` 9 քմ: Ընտանիքների 33 տոկոսի կացարանները գերբնակեցված են:Գերբնակեցված են նուկլեար ընտանիքների 26 տոկոսը, նմանատիպ պայմաններում են գտնվում ընդլայնված բարդ ընտանիքների 33 տոկոսը:
Հանրապետությունում առկա են բնակարանային լուրջ խնդիրներ, հատկապես, բազմանդամ եւ բազմազավակ ընտանիքների միջավայրում: Խնդիրն արդիական է նաեւ նորաստեղծ ընտանիքների համար:Նվազագույնից ցածր կենցաղային պայմաններում են գտնվում քաղաքաբնակ ընտանիքների 1,2 տոկոսը, գյուղաբնակ ընտանիքների 19,3 տոկոսը:
Հարցման մասնակիցների 56 տոկոսը ցանկանում են, որ իրենք ու իրենց երեխաները շարունակեն ապրել նույն բնակավայրում, 27 տոկոսը չեն ցանկանում, 17 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Նույն բնակավայրում ապրել չցանկացողների 21,3 տոկոսը պատճառների շարքում նշել է հարմար աշխատանքի բացակայությունը, 15,4 տոկոսը` աղքատության բարձր մակարդակը, 14,9 տոկոսը` երիտասարդ ընտանիքների խնդիրների անուշադրության մատնված լինելը, 12,8 տոկոսը մատնանշել է բնակավայրի սոցիալ-տնտեսական եւ ժամանակակից հաղորդակցության պայմանների անբավարար վիճակը, 11,6 տոկոս` բնակարանային խնդիրները:
Բնակարանային պայմանների բարելավման հեռանկարի բացակայությունը թույլ չի տալիս երեխայի պահանջ ունեցող ընտանիքներին բավարարել այդ պահանջը:
No comments:
Post a Comment