Monday, November 29, 2010

Խալաֆյանի սպանության գործով գլխավոր ամբաստանյալը 8 տարվա ազատազրկման դատապարտվեց

Tert.am. 29-11-2010- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 8 տարվա ազատազրկման է դատապարտել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանին։ Նա մեղադրվում է Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ։
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը գողության կասկածանքով Չարենցավանի ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել այս տարվա ապրիլի 13-ին։ Նույն օրը Խալաֆյանը մահացել էր։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանության բաժանմունքում խոշտանգումների ենթարկվելու պատճառով Խալաֆյանը դանակի միջոցով ինքնասպանություն է գործել։ Սակայն իրավապաշտպաններն ու մահացածի հարազատները պնդում են, որ Խալաֆյանը ոստիկանների ձեռքով սպանվել է։
Խալաֆյանին խոշտանգելու մեջ մեղադրվում էին 4 ոստիկաններ։ Այսօր, սակայն, ազատազրկման է դատապարտվել միայն գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը։ Մյուս ամբաստանյալներից օպեր-լիազոր Մորիս Հայրապետյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ մյուս երկու օպերլիազորներն արդարացվել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանի դահլիճում Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը կապ չունի տեղի ունեցածի հետ և որ Խալաֆյանին խոշտանգել է Մորիս Հայրապետյանը։
Տուժողի իրավահաջորդ Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հրապարակված դատավճիռն արդար չէ։ «Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ Վահանին սպանել են, նա ինքնասպանություն չի գործել»,- ասաց Զեյնալյանը։ Ըստ նրա՝ ընդհանուր դատական գործընթացի ժամանակ ևս մի շարք խախտումներ են արձանագրվել, և հնարավոր է, որ դատավճիռը բողոքարկվի։

No comments:

Post a Comment