Tert.am. 16-11-2010- Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ ու ղեկավարներ, լրագրողներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին Սարյանի արձանի մոտ՝ պահանջելով իշխանություններից ապահովել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։Ակցիայի մասնակիցները ստորագրեցին հայտարարություն, որով իրենց վրդովմունքն են արտահայտում Փաշինյանի նկատմամբ «Կոշ» ՔԿՀ–ում տեղի ունեցած հարձակման առնչությամբ՝ միաժամանակ պահանջելով իշխանություններից ապահովել Փաշինյանի կյանքի անձեռնմխելիությունն ու երաշխավորել նրա անվտանգությունը։ Մոտ 15 լրատվամիջոցների ներկայացուցիչներ ստորագրեցին հայտարարության տակ։
Նիկոլ Փաշինյանի կինը՝ «ՀԺ»–ն հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն Աննա Հակոբյանը, նշեց, որ Փաշինյանին երեք պահանջ է ներկայացվել՝ ներման դիմում գրել, փակ ռեժիմով կրել պատիժը կամ դադարեցնել հրապարակային գործունեությունը։ «Ամեն կերպ, կարծում եմ, փորձում են խնդրագիր կորզել կամ լռեցնել»,– ասաց Աննա Հակոբյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ «որոշակի ուժերի կողմից Փաշինյանին լռեցնելու նպատակ է հետապնդվում։ Դա ակնհայտ է»։ Ըստ Մելիքյանի՝ «ՀԺ» գլխավոր խմբագրի նկատմամբ կատարված հարձակումը մարդու իրավունքների, առաջին հերթին՝ ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարում է։ «Դա իսկապես նմանվում է պլանավորված և մշակված գործողությունների»,– նշեց նա։
«Իշխանություններն իրենց հաշվարկներում մի բան հաշվի չեն առել, որ Նիկոլի հետ ամեն ինչ կարելի է անել, բայց նրան չեն կարող լռեցնել»,– լրագրողների հետ զրույցում ասաց «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ Փաշինյանի դեմ հարձակման նպատակը նրան լռեցնելն է։ Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Փաշինյանի դեմ հարձակման պատճառը խցակիցների հետ նրա ունեցած տարաձայնություններն են, Էդիկ Բաղդասարյանն ասաց. «Ես գիտեմ դատապարտյալների վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, նրանք չեն ցանկանա լրագրողների հետ խնդիր ունենալ»։
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր գործընկերներին տեղեկացրեց, որ առաջարկվել է հայտարարության տեքստում ավելացնել նաև Փաշինյանին ազատ արձակելու պահանջը, ինչին ներկաները դրական արձագանքեցին։
Ակցիայի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի լուսանկարները պարզած պահեցին մի քանի րոպե։ Նրանք պարզել էին նաև «Կեցցե Ազատությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում» գրությամբ ցուցապաստառ։
No comments:
Post a Comment