Wednesday, November 17, 2010

Սոցինտեռնի խորհուրդը բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 2010թ. նոյեմբերի 15-16-ին, Փարիզում, մասնակցել է Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդի ժողովին։ Ժողովի ավարտին, ԸՄ Խորհուրդը ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հետևյալ բանաձևը.
«Առաջնորդվելով այս տարի Երևանում և Բաքվում գումարված ժողովների արդյունքներով, որտեղ մեր անդամ կուսակցությունների հայ և ադրբեջանցի ներկայացուցիչները կարողացան աննախընթաց երկխոսություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ` անկախ իրենց տարակարծություններից և կարգավորման պատկերացումներից, գնահատում ենք անդամ կուսակցությունների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների՝ մյուս երկրից Ընկերվար Միջազգայնականի անդամ կուսակցությունների պատվիրակներին հյուրընկալելու փաստը, համարում շատ դրական երևույթ։
«Մենք այժմ տեսնում ենք հնարավորություն և անհրաժեշտություն՝ օգտվելու առկա հիմքերից, երկխոսություն և վստահություն կառուցելու, թե՛ մեր Միջազգայնականի ներսում և թե՝ այդ երկրների քաղաքական ավելի լայն դաշտում։
«Խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջ տանել այդ երկու երկրների միջև, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Ընկերվար Միջազգայնականը, որ խաղաղության իր նախաձեռնությամբ է հանդես եկել, իր ճիգերի ներածին չափով շարունակելու է ներդրում ունենալ առաջընթացը պահպանելու և շարունակելու համար՝
ա) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացումը և տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ.
բ) Երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում.
գ) Կոչ անելով հարգել 1994թ.-ի զինադադարի պայմանագիրը և հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ՝ դիպուկահարների կրակից.
դ) Կոչ անելով կողմերին, հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք՝ հասնելու համարժեք, հավասարաչափ և միաժամանակյա փոխզիջումների»:
Հիշեցնենք, որ Ընկերվար միջազգայնականի խորհուրդի ժողովին ՀՅԴ պատվիրակության կազմում էին Մարիո Նալպանդյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ, ընկերվար միջազգայնականի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև Ծովի հանձնախմբի համանախագահ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ), Լևոն Մկրտչյանը (ՀՅԴ Բյուրոյի անդամ), Մուրատ Փափազյանն ու Ռիշար Անանյանը (ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի համանախագահներ, Ֆրանսիա), Մարիետ Կարապետյանը (Ֆրանսիա) և Գասպար Կարապետյանը (Հունաստան)։
Նոյեմբերի 12-13-ը, դարձյալ Փարիզում, Մարիետ Կարապետյանը որպես ՀՅԴ-ի ներկայացուցիչ մասնակցել է Կանանց ընկերվար միջազգայնականի խորհրդի նիստին։
Ընկերվար միջազգայնականը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ և կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։

No comments:

Post a Comment