Monday, November 1, 2010

Դեռ ինչքա՞ն ենք տանուլ տալու տեղեկատուական պատերազում

«Թեհրանում կայացած ցուցահանդէսում Հայաստանը լքեց տաղաւարը» լուրին առաջինը անդրադարձան իրանական լրատուամիջոցները:
Այն հարցում, որ հայերս տանուլ ենք տալիս տեղեկատուական պատերազմում,երկրորդ կարծիք կարծես թէ չկայ, այս անգամ կրկին տանուլ տուեցինք Թեհրանում:
Ցուցահանդէս մեկնելուց առաջ, առաւել եւս եթէ այն լրատուամիջոցների ցուցահանդէս է, որտեղ մեծ են հնարաւորութիւնները բացատրելու համար հայկական կողմի տեսակէտները եւ բազմաթիւ են ունկնդիրները ու նաեւ հակառակորդները, առաւել եւս այնպիսի մասշտաբով, որը անձամբ եմ տեսել Թեհրանում( և անգամներ մասնակցել ), տեխնիկական հարցերից առաւել պէտք է ուշադրութիւն դարձնել մի շարք հանգամանքների վրայ, որոնցից ամենակարեւորն է ցուցահանդէսի վայրը, այս դէպքում`Թեհրանը, եւ այցելուների քանակը եւ էթնիկ խառնուածքը:

Թեհրանը` լինելով քսան միլիոնանոց մայրաքաղաք,այն էլ այնպիսի պետութեան, որտեղ բնակւում են նոյնքան թրքախօսներ ( քսան միլիոն ), որոնք լոկ լեզուական նմանութէամբ իրենց թուրքեր են համարում, գովազդի եւ հայկական տեսակէտը բացատրելու ու մեր դիրքորոշումը ունկնդրին հասցնելու բացարձակ մեծ հնարաւորութիւն էր, որն աւաղ յանձնուեց ադրբեջանական լրատուամիջոցներին:

Խնդիրը թէժացել է այն պահին, երբ, ադրբեջանական լրատուամիջոցների պահանջին անսալով, ցուցահանդէսի ղեկավարութիւնը Հայկական տաղաւարի ճակատից հեռացրել է Արցախի խորհրդանիշ Տատիկ – Պապիկի պատկերով գովազդային վահանակը եւ ,չանսալով Հայկական կողմի պահանջներին ,չի համաձայնուել կրկին փակցնել այն Հայաստանի տաղաւարում:

հարց է ծագում, ինչքանո՞վ էր նպատակայարմար Թեհրանի նման քաղաքում որպէս վահանակի նկար ընտրել այնպիսին, որը անկասկած անախորժութիւնների եւ բողոքների առիթ էր բարձրացնելու եթէ ոչ միայն ադրբեջանական (Արանական) ներկայացուցիչների, այլ նոյնիսկ Թեհրանի թրքախօս փանթուրքիստների կողմից, եւ արդեօ՞ք նպատակայարմար էր նկարի ընտրութեամբ ստեղծել առիթ, որի ելքը միանշանակ չի լինի հայանպաստ որակել:

Անկասկած այստեղ մեղքի բաժինն ունենք նաեւ մենք` հայկական լրատուամիջոցներս, եւ իմասնաւորի նուաստս որպէս Իրանահայեր Լրատու Ցանցի ղեկավար, որ տեղեակ չլինելով նման նախաձեռնութեան մասին` չեմ կարողացել խորհուրդներով օգտակար լինել մասնակիցներին,
սակայն չեմ կարող հաւատալ նաեւ որ Հայաստանի տաղաւարի պատասխանոտու անձիք կամ անհատներ, խորհրդակցութեան կարգով դիմած լինեն Իրանահայ համայնքի իշխանութիւններին կամ նոյնիսկ Թեհրանում տպագրուող հայատառ օրաթերթի, կամ երկլեզու շաբաթաթերթի ու ամսագրերի պատասխանատուներին (որոնք Իրանում նմանատիպ ցուցահանդէսնէերի անփորձանք մասնակցելու բազում փորձ ունեն) եւ նման պաստառով տաղաւարը զարդարելու խորհուրդ ստացած լինեն:

Իրանահայեր լրատու ցանցն ունենալով պարսկերէն բաժին, որում ամէն օր ներկայացւում են հայկական տեսակէտները, մինչ օրս կարողացել է խոյս տալ Իրանում կայքերի ֆիլտրացման ահագնացող վտանգից միայն ու միայն այն պատճառով, որ երբեք չենք փորձել գրգռել զգացմունքներ թուրքախօս իրանցիների շրջանակներում եւ միշտ կայքում ընթացող բանավէճերում յաղթող ենք դուրս եկել տրամաբանօրէն քանի որ մեր փաստարկները հերքելը տրամաբանօրէն անհնար է, ու դրանով իսկ մասամբ շահել ենք Իրանի պետական օղակների հետաքրքրութիւնը ու բանաւոր գովասանքները:

Տեղեկատուական պատերազմում յաղթանակելու համար նախ պէտք է վայր դնել այն զինամթերքը, որոնք լիցքաւորւում են զգացմունքներով ու զինուենք համբերութեամբ, ամէն առիթ օգտագործել բացատրելու Հայկական կողմի տեսակէտը, տրամաբանել մեր փաստարկները եւ առիթ տալ հակառակորդին, որ ընդիմանայ իր թոյլ փաստարկներով եւ այդ դէպքում միայն ունկնդիրը կը կարողանայ զանազանել ճիշտ եւ սխալ տեսակէտները ու այդ պարագայում մենք, մեր տեսակտները ու մեր մօտեցումները թէ Հայկական հարցի եւ թէ Արխցախի հիմնախնդրի վերաբերեալ յաղթական կը լինեն:

«Իարանահայեր Լրատու Ցանց»
Ռուբիկ Մինասեան

No comments:

Post a Comment