Tuesday, November 2, 2010

Ի՞ՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԹԵՀՐԱՆՈՒՄ

«ԱԶԳ», 02-11-2010 - Թեհրանում արդեն 17 տարի անցկացվող մամուլի եւ լրատվական գործակալությունների միջազգային ցուցահանդեսի նպատակն է ընդգրկել բազմաթիվ երկրների ներկայացուցիչների` հնարավորություն ընձեռելով մի քանի օրվա ընթացքում ոչ միայն ներկայացնելու իրենց երկիրը, այլեւ ծանոթանալու հարեւան երկրների մշակույթին ու պատմությանը: Ընդունված կարգի համաձայն ցուցահանդեսում պետք է արգելվի քարոզչությունը, գնահատվի ազատ խոսքն ու փորձ արվի լրատվամիջոցների եւ լրագրողների ջանքերով քանդելու այն պատնեշները, որոնք քաղաքական գործիչներն ու դիվանագետները չեն կարողանում անել:
Ցավոք, ցուցահանդեսին ներկայացած ադրբեջանական պատվիրակության անդամները չհարգեցին ազատ խոսքի միակ պաշտպան մամուլին նվիրված ցուցահանդեսը, չհարգեցին սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն լրագրողներն ու բացահայտ հակահայ քաղաքականություն վարելուն զուգահեռ թույլ տվեցին խուլիգանական արարքներ ու ագրեսիվ պահվածք: Մասնավորապես ցուցահանդեսի բացման օրը ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության լրագրող Սուլեյման Ֆարզալիեւը իրանական կողմի ներկայությամբ մտավ հայկական տաղավար, պոկեց պատին փակցված ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները. «Ինչո՞ւ եք կանգնել, Հայաստանի ու Ղարաբաղի հարցը պետք է հենց այս ձեւով լուծվի», բղավեց հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցին ու փորձեց պատռել քարտեզը: Եթե կազմակերպիչները, ադրբեջանցի եւ թուրք լրագրողները, որ եկել էին իրենց եղբայրիկներին պաշտպանելու, չմիջամտեին, Սուլեյմանը կհարվածեր նաեւ հայկական պատվիրակության անդամներ` «Ազգ» օրաթերթի եւ PanArmenian.Net-ի լրագրողներին: Սակայն ադրբեջանցի լրագրողները հասկանում էին, որ կատարվածն էլ բավական էր, որպեսզի ցուցահանդեսի մասնակից 50 երկրի ներկայացուցիչները հասկանային` Ադրբեջանը հեռու է քաղաքակիրթ պետություն կոչվելուց, եւ փորձում էին բղավելով հանգստացնել գործընկերոջը` առավել չխայտառակվելու համար: Փաստը, որ ադրբեջանցի լրագրողը հարձակվել է հայ լրագրողների վրա` նյարդայնացրեց ոչ միայն իրանցի կազմակերպիչներին, ովքեր իրենց խոսքերով փորձում էին հավասարակշռություն պահպանել, այլեւ օտարերկրյա պատվիրակությունների անդամներին, որ բացահայտ դատապարտում էին ադրբեջանցիների պահվածքն ու նրանց անվանում բարբարոս:
Իրանական կողմը յուրաքանչյուր երկրի տաղավարը պատրաստելիս փոքրիկ ստենդ էր պատրաստել, որը պետք է համառոտ տեղեկություն տար այցելուին տվյալ երկրի մասին: Իրանցի կազմակերպիչները որպես Հայաստանի ազգային պետական խորհրդանիշ ընտրել էին «Տատի ու պապի» լուսանկարը, ինչն ուղղակի կատաղեցրեց ադրբեջանցիներին: Իրանական կողմին չէր հաջողվում բացատրել ադրբեջանցիներին, որ լուսանկարի տեղադրման հետ հայկական կողմը որեւէ առնչություն չունի: Սակայն իրանական կողմը տեղի տվեց ադրբեջանական պատվիրակության սադրանքին եւ հայկական տաղավարի պատից հանեց սեփական ձեռքով ամրացրած լուսանկարը` հավելելով, որ չեն ցանկանում հակամարտության գոտում գտնվող որեւէ հուշարձան ցուցադրել տաղավարում: Դրան ի պատասխան, հայկական կողմը անգլերենով եւ պարսկերենով հայտարարություն տարածեց, բազմացրեց «Տատի ու պապի» լուսանկարը եւ մեծ աղմուկ բարձրացնելով բոյկոտեց ու հրաժարվեց մասնակցել ցուցահանդեսին: Թեպետ իրանական կողմը մինչեւ վերջին պահը համոզում էր հայ լրագրողներին վերադառնալ, սակայն վերադարձի միակ պայմանը «Տատի ու պապի» լուսանկարի տեղադրումն էր տաղավարի պատին:
Այն, ինչ կատարվեց Թեհրանում, փոքրիկ տեղեկատվական ճակատամարտ էր, եւ հայկական պատվիրակությունը, որ պայքարում էր ադրբեջանական եւ թուրքական ավելի քան 15-հոգանոց պատվիրակության դեմ, կարիք էր զգում հայաստանյան լրատվամիջոցների աջակցության: Թեպետ հայ լրագրողները կարողացան մեծ աղմուկ բարձրացնել եւ իրանական հեռուստաընկերություններով եւ ռադիոկայաններով ներկայացնել կատարվածը, սակայն աղմուկն ավելի մեծ ու արդյունավետ կլիներ, եթե հայկական լրատվամիջոցներն էլ անդրադառնային կատարվածին:
Ի տարբերություն թուրքական եւ ադրբեջանական հեռուստաընկերությունների, որոնք անընդհատ անդրադառնում էին խնդրին, հայկական որեւէ հեռուստաընկերություն կատարվածին չանդրադարձավ: Սա տեղեկատվական պատերազմ էր, սակայն հայկական բազմաթիվ կայքէջեր եւ ռադիոկայաններ` մասնավորապես «Ազատությունը», Tert.am-ը, հղում էին անում ոչ թե Թեհրանից հայ լրագրողների գրած հոդվածներին, այլ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը, որի լրագրողը հարձակվել եւ պոկել էր ՀՀ եւ ԼՂՀ քարտեզները:
Ակնհայտ է, թե ինչու ենք պարտվում տեղեկատվական պատերազմում: Հայկական լրատվամիջոցները միասնական չեն եւ առաջնորդվում են նեղ կոմերցիոն շահերով: Սակայն կան հարցեր, խնդիրներ, որոնց վերաբերյալ մոտեցումը պետք է լինի միանման: Ադրբեջանական լրատվամիջոցները համագործակցությամբ են հասնում հաղթանակի, մինչդեռ հայկական կայքերը սկզբնական շրջանում հրաժարվում էին «Ազգ» օրաթերթի կամ PanArmenian.Net-ի հոդվածները արտատպելուց` նախընտրելով ադրբեջանականը:
Տեղեկատվական պատերազմում պարտվում ենք, որովհետեւ չունենք անհրաժեշտ գրականություն: Վերոնշյալ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ժամանակ «Ազգ» օրաթերթը դիմեց բազմաթիվ գերատեսչությունների, որոնց պարտականությունն էր Հայաստանի մասին ճանաչողական գրքեր հրատարակել, սակայն նրանք պատասխանում էին, որ գումարը չէր հերիքել գիրք տպելու համար, տպածն էլ, մեղմ ասած, աղբ էր եւ գովազդում էր տվյալ նախարարին ու նրա աշխատանքը: Միակ նախարարությունը որ օգնեց հայկական պատվիրակությանը, մշակույթի նախարարությունն էր, որ տրամադրեց հայերեն եւ անգլերեն գրքեր Հայաստանի մասին:
Եթե անընդհատ շեշտում ենք, որ մահմեդական աշխարհը շատ կարեւոր է Հայաստանի համար, հարկավոր է միջոցներ ձեռնարկել պարսկերենով կամ արաբերենով գրքեր հրատարակելու համար: Ի տարբերություն Հայաստանիՙ Ադրբեջանն արդեն սկսել է պարսկերենով գրքեր հրատարակել Ղարաբաղի մասին: Թեհրանում կայացած ցուցահանդեսը հերթական հնարավորությունն էր սխալները տեսնելու եւ հետագայում դրանք ուղղելու համար: Միայն միասնական գործունեությամբ հայկական կողմն էլ տեղեկատվական պատերազմում հաղթանակ կտանի, իսկ քանի դեռ այդ մտածելակերպը մեզանում բացակայում է, տեղեկատվական պատերազմում Ադրբեջանն է հաղթող ճանաչվելու:

Նկար 1. «Ազգ» օրաթերթի լրագրող Հասմիկ Հարությունյանը եւ PanArmenian.Net-ի լրագրող Եկատերինա Պողոսյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թեհրան-Երեւան

No comments:

Post a Comment