Saturday, November 6, 2010

Վեհափառ Հայրապետն ընդունել է Ատրպատականի նահանգապետին

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատվիրակությունը Հայաստան է ժամանել Արմավիրի մարզի հետ տնտեսական համագործակցության շուրջ խնդիրները քննարկելու նպատակով:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անրադարձել է Հայաստանի և Իրանի ջերմ ու բարեկամական հարաբերություններին՝ ուրախություն հայտնելով դրանց խորացման համար։
Վեհափառ Հայրապետը գնահատանքի ու շնորհակալական խոսք է հայտնել նաև Իրանի իշխանություններին` իրանահայության նկատմամբ ցուցաբերած բարի վերաբերմունքի և աջակցության համար:
Նահանգապետ Վահիդ Ջալալզադեն իր շնորհակալությունը և ուրախությունն է հայտնել Հայաստանում, մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու համար: Նա շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 11-րդ տարեդարձի կապակցությամբ` բարի նշան և հիշարժան համարելով տարեդարձի օրերին իր այցելությունը Մայր Աթոռ: Մեծարգո նահանգապետն իր երախտագիտությունն է հայտնել նաև Հայ Առաքելական Եկեղեցուն` ի մասնավորի Նորին Սրբությանը` ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեպքերին քննադատական արձագանք տալու համար: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը նշել է, որ Հայ Եկեղեցին անընդունելի է համարում այլոց սրբությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն։
Հանդիպման ավարտին պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռի թանգարան:

No comments:

Post a Comment