Ինչից է խուսափում վրացական կողմը: Արդյոք նրա “խնդրանքների” պատճառը իսկապես Իլյա Երկրորդի առողջությունն է, թե կան այլ պատճառներ, որոնց համար առողջությունը պատրվակ է, առիթ է: Իսկ գուցե վրացական կողմը խուսափում է Վրաստանի հայկական եկեղեցիների ճակատագրի շուրջ խոսակցությունից: Դրանք հարցեր են, որոնք առաջանում են այն բանից հետո, երբ արդեն երկրորդ անգամ վրացական կողմը փաստացի կանխարգելում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան:
Հարցեր են առաջանում նաեւ Մայր Աթոռի պահվածքի հետ կապված: Արդյոք չարժե վրացական կողմի խնդրանքը հաշվի առնելուց բացի, նաեւ հաշվի առնել վիրահայության շահը եւ այդուհանդերձ եթե ոչ միջեկեղեցական, գոնե հովվապետական այցով մեկնել Վրաստան, քանի որ Իլյա Երկրորդը կարող է անընդհատ հանդես գալ այցը հետաձգելու խնդրանքներով: Չէ որ Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ոչ միայն Իլյա Երկրորդն է սպասում, եւ գուցե ոչ այնքան Իլյա Երկրորդը, որքան վիրահայերը:
Իհարկե, հայ-վրացական եկեղեցական վեճերը Մայր Աթոռը ոչ թե վիրահայության, այլ Վրաստանի Պատրիարքարանի հետ պետք է լուծի, բայց եթե Մայր Աթոռը նախաձեռնողականություն չցուցաբերի, եթե ակտիվություն չցուցաբերի Վրաստանի ուղղությամբ, ապա Վրաստանի Պատրիարքարանը հազիվ թե շահագրգռված լինի քննարկել այդ հարցը:
Բայց հարց է առաջանում, թե արդյոք Մար Աթոռն ինքը շահագրգռված է այդ հարցի քննարկման հեռանկարով: Չէ որ քննարկումը նշանակում է աշխատանք, բանվեճ, փաստարկներ: Կան արդյոք Մայր Աթոռում համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսներ, որոնք կարող են ներգրավվել այդ բանավեճում եւ հասնել առավելության: Պատրա՞ստ է արդյոք Մայր Աթոռն այդ բանավեճում դիմել եկեղեցուց դուրս գտնվող մասնագետների օգնությանը: Ի վերջո, եթե վրացական եկեղեցու հետ սկսվեն այդ քննարկումները, դա ենթադրում է դրանց արդյունքի համար պատասխանատվություն: Արդյոք Մայր Աթոռն ինքը շահագրգռված է այդ պատասխանատվությունը ստանձնելու հարցում, թե բավական հարմար է Իլյա Երկրորդի խնդրանքներին ընդառաջելն ու Վրաստան կատարելիք կաթողիկոսական այցերը պարբերաբար հետաձգելը:
Հարցերի շրջանակի մեջ թերեւս կարելի է տեղավորել նաեւ այն, թե այդ ամենի վրա ինչ ազդեցություն ունի քաղաքական իշխանությունը: Որ Հայաստանի քաղաքական իշխանությունը մեծ ազդեցություն ունի Հայ Առաքելական եկեղեցու վրա, դա թերեւս աներկբա է: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ կարծես թե իրավիճակը միարժեք չէ: Օրինակ, ի տարբերություն մարտի 1-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պահվածքի, ով Ռոբերտ Քոչարյանից էր թույլտվություն հարցրել Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն գնալու համար, երբ Վրաստանի ընդդիմության ցուցարարների հանդեպ Սահակաշվիլին ուժ կիրառեց, Վրաստանի Պատրիարքը հանդես եկավ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման դատապարտմամբ, ոչ թե Սահակաշվիլիից թույլտվություն խնդրեց ընդդիմության առաջնորդներին դիմելու համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment