Tuesday, November 16, 2010

Վրացական կողմի խնդրանքով Ամենայն Հայոց կաթողիկոսի այցի հետաձգման մեջ Մայր Աթոռը միտում չի տեսնում

Արդեն երկրորդ անգամ հետաձգվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի այցը Վրաստան: Նախօրեին Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում էր, որ Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ «նկատի առնելով Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Երկրորդի արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը և պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու Նորին Սրբությանը Թբիլիսի և Ջավախք միջեկեղեցական և հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց Եկեղեցին դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թվականը»:
Առաջին անգամ հետաձգվել էր հոկտեմբերին, և Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ Նորին Սրբությունն ընդառաջել է վրացական կողմից ներկայացված խնդրանքին, և այցը ծրագրվում է իրականացնել նոյեմբերին:

Այս հետաձգումների մեջ, ինչպես Panorama.am-ին ասաց Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը, որևէ միտում չկա: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է, որպեսզի այցն անպայման իրականացվի, ուղղակի հանգամանքների թելադրությամբ էր, որ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց այս անգամ ևս այցը հետաձգել», -հավելեց Մելիքյանը:

Նկատենք, որ վրացահայ համայնքը շատ է սպասում Կաթողիկոսի` Վրաստան կատարելիք այցին, քանի որ հույսեր կան, որ վրաց հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ընթացքում կբարձրացվեն Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի, հայ համայնքի, հայոց լեզվի հետ կապված հարցեր:

No comments:

Post a Comment