Monday, November 8, 2010

ԲԱՆԱԿԻ ՔԱՈՍԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԿԱՏԱՐ Է

Հիմնական և առանցքային պրոբլեմը, որից առաջացել է այսօր նաև հանրության քննարկման առարկա դարձած պաշտպանական ոլորտի կառավարման համակարգի քաոսային իրավիճակը, սկիզբ է առնում «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` Օրենք)` խորհրդառուսական համակարգից պատճենված և Սահմանադրությանը հակասող 12-րդ հոդվածի 2-րդ մասից, որի համաձայն` «Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի և պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը»:

Պրոբլեմն ավելի է բարդացնում Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի` արևմտյան պաշտպանական համակարգերից քաղված և խորհրդառուսականին խորթ այն դրույթը, որի համաձայն` «Զինված ուժերի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը»:

Պաշտպանական համակարգի իրավական հիմքը կազմող Օրենքը, ինչպես նաև պաշտպանական ոլորտի մյուս օրենքներն ու այլ իրավական ակտերը մի զգալի մասով ոչ միայն չեն համապատասխանում Սահմանադրությանը, այլև միմյանց, իսկ գործող պաշտպանական համակարգը մի զգալի մասով չի համապատասխանում նույնիսկ այդ հակասահմանադրական իրավական ակտերին, որովհետև օբյեկտիվորեն առաջացող բացերն ու հակասությունները կամայական կերպով ենթարկվում են կորպորատիվ, բանավոր, սովորութային արտաիրավական «կարգավորումների», ինչի հետևանքով ձևավորվել են իրավական ակտերով չնախատեսված կառավարման ենթահամակարգեր և մեխանիզմներ :

Քաոսի պատճառներն ավելի լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է «պաշտպանական համակարգից/ոլորտից» զատել և տարբերակել «ռազմական համակարգը/ոլորտը», «պաշտպանական ոլորտի կառավարումից»` «ռազմական ոլորտի կառավարումը», «պաշտպանական համակարգի ղեկավար շղթայից»` «զինված ուժերի հրամանատարական շղթան»:

Խորհրդային պաշտպանական համակարգը խորհրդային տոտալիտար համակարգի բաղադրիչն էր և, բնականաբար, ստեղծվել էր նրան համապատասխան և իր տիրույթին ներդաշնակ էր: Տոտալիտար միաձուլության պատճառով այնտեղ վերը նշված «պաշտպանականի» և «ռազմականի» միջև տարբերակումների անհրաժեշտություն չկար: Խորհրդային Միության սահմանադրության համաձայն, ամբողջ իշխանությունը պատկանում էր խորհուրդներին, որոնք այն իրականացնում էին առանց դրա ուղղաձիգ և հորիզոնական բաժանման, առանց զսպումների և հակակշիռների` կոմունիստական կուսակցության ղեկավար և ուղղորդող դերի պայմաններում: Միանգամայն այլ է իրավիճակը ըստ ՀՀ Սահմանադրության, որից բխում է, որ Պնախարարը պաշտպանական համակարգի մաս է և դրա ղեկավար շղթայի օղակը, մինչդեռ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ռազմական համակարգի մաս է և Զինված ուժերի հրամանատարական շղթայի օղակը: Ասվածն արտացոլված է Սահմանադրության 89-րդ հոդվածում: Այդ հոդվածը, սահմանելով կառավարության լիազորությունները, դրանք տարբերակում է ըստ դրանց անմիջական կամ օժանդակ բնույթի:


-Այդ հոդվածի համաձայն, պաշտպանական ոլորտում կառավարության լիազրություններն օժանդակ բնույթի են, կառավարությունն ընդամենը ապահովում է պաշտպանության իրականացումը, այլ ոչ թե իրականացնում է այն:

-Պնախարարն ինքնուրույն պետական կառավարման մարմին չէ և պետական կառավարմանը մասնակցում է կառավարության կազմում` որպես կառավարության անդամ: Նրա լիազորությունները չեն կարող գերազանցել կառավարության լիազորություններին, այլ պետք է համապատասխանեն դրանց և բխեն դրանցից: Ըստ այդմ, պաշտպանական ոլորտում նա օժտված է Հանրապետության կառավարության` պաշտպանության իրականացման ապահովման օժանդակ լիազորությունների համապատասխան մասով:

Պնախարարն ընդամենը պաշտպանական ոլորտում մշակվող և իրականացվող քաղաքականության` Հանրապետության կառավարության իրավասությանը ենթակա մասի համադրողն է: Այդ շրջանակում նա նաև ապահովում է Զինված ուժերի պարտականությունների կատարումը (տարածքի սարքավորում, մարդկային և նյութական ռեսուրսներով ապահովում, վերափոխումների մշակում ու նախապատրաստում և այլն):


-Սահմանադրության 8.2-րդ, 49-րդ, 55-րդ և 89-րդ հոդվածներից բխում է, որ պաշտպանությունն իրականացնում են Զինված ուժերը` Նախագահի` որպես գերագույն գլխավոր հրամանատարի, ղեկավարությամբ:

-Նախագահը Զինված ուժերը ղեկավարում է գլխավոր հրամանատարի (պատերազմի ժամանակ նշանակվելու դեպքում) և բարձրագույն հրամանատարական կազմի միջոցով: Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, բարձրագույն հրամանատարական կազմից գլխավոր շտաբի պետը Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է: Այս հիմքով խաղաղ ժամանակ գլխավոր շտաբի պետը` որպես հրամանատարական շղթայի երկրորդ օղակ, պետք է կառավարի զինված ուժերը և ղեկավարի գլխավոր շտաբը, պաշտոնների նշանակի և ազատի շարքային կազմի, կրտսեր և ավագ սպայական կազմի զինծառայողներին, կոչումներ և պարգևներ շնորհի նրանց, նրանց նկատմամբ իրականացնի կարգապահական իշխանություն, պաշտպանական ոլորտի հարցերով Նախագահի հետ գտնվի ուղիղ ենթակայական հարաբերությունների մեջ և անմիջականորեն զեկուցի նրան: Պատերազմի ժամանակ նշանակվելու դեպքում հրամանատարական շղթայի երկրորդ օղակ է դառնում գլխավոր հրամանատարը, որին պետք է անցնեն բոլոր վերը նշված լիազորությունները` բացառությամբ գլխավոր շտաբի կառավարումից:

Սահմանադրության համաձայն, պաշտպանության նախարարը չի կարող լինել Զինված ուժերի անմիջական ղեկավար նաև այն պատճառով, որ որպես այդպիսին փաստացի ձեռք է բերում Զինված ուժերի գլխավոր հրամանատարի լիազորություններ, մինչդեռ վերջինիս նշանակումը նախատեսվում է միայն պատերազմի ժամանակ: Պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատար նշանակվելու դեպքում փաստացի գործառելու են երկու գլխավոր հրամանատարներ (Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնող պաշտպանության նախարարը և Զինված ուժերի գլխավոր հրամանատարը), ինչը ոչ միայն անտրամաբանական է, այլև հանգեցնելու է կատարյալ քաոսի, որի պարագայում զինված ուժերի գործողությունների օպտիմալ ու արդյունավետ կառավարման մասին խոսք լինել չի կարող, իսկ քաղաքական ուժերի ոչ բարենպաստ հարաբերակցության պարագայում իրավիճակը կարող է նույնիսկ դուրս գալ վերահսկողությունից:

Տիրող քաոսի պատճառներից մեկն էլ դարձյալ խորհրդային իներցիայով Սահմանադրությանը հակասող գործող օրենսդրությամբ, այդ թվում` Օրենքով, նախարարությունները որպես գործադիր իշխանություն իրականացնող պետական կառավարման մարմիններ, իսկ նախարարներին` ընդամենը դրանց ղեկավարներ համարելն է:

Օրենքի և այլ իրավական ակտերի այն նորմերը, որոնք պաշտպանության նախարարությունը նախարարի գործունեությունն ապահովող պետական կառավարչական հիմնարկի փոխարեն սահմանում են որպես իշխանության իրականացման պետական մարմին, Սահմանադրությանը հակասելուց զատ, նաև առանցքային-մեկնակետային միասնականությունից զուրկ լինելու պատճառով անլուծելի իրավական գլուխկոտրուկներ են ստեղծել: Մասնավորապես, հնարավոր չէ որոշել, թե ինչպիսիք են ենթակայական հարաբերությունները հետևյալ մարմինների և պաշտոնատար անձանց միջև, եթե Օրենքի կառուցվածքի համաձայն ՊՆ-ն Զինված ուժերի մաս է կազմում, բայց, միևնույն ժամանակ` Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ներառում է այդ Զինված ուժերը, մինչդեռ ՊՆ կանոնադրության համաձայն Զինված ուժերը ՊՆ համակարգի մաս չեն կազմում, թեև Զինված ուժերի կառավարման մարմինը` Զինված ուժերի գլխավոր շտաբը (պաշտպանության իրականացման գործառույթներ իրականացնող մարմինը), պաշտպանության նախարարության (պաշտպանության իրականացման ապահովման գործառույթներ իրականացնող մարմնի) կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որի ղեկավարը լինելով ամենաբարձր զինվորական պաշտոնյան, ենթարկվում է Սահմանադրությամբ հրամանատարական լիազորություններով չօժտված քաղաքացիական անձին` պաշտպանության նախարարին:

Այս քաոսի պատճառով է, որ պաշտպանության նախարարը, մասամբ ղեկավարվելով Սահմանադրությանը չհամապատասխանող իրավական ակտերով, մասամբ էլ` խորհրդային իներցիայով, պաշտպանական քաղաքականության իրեն վերաբերող մասի մշակման և դրա համապատասխան մասի իրականացման փոխարեն չի կարողանում «ձեռք քաշել» Զինված ուժերն անմիջականորեն ղեկավարելու, զորային կառույցի` պաշտպանության իրականացմանն ուղղված գործունեությունը անմիջականորեն հսկելու և վերահսկելու պրակտիկայից, շարունակում է նշանակել և ազատել զինծառայողներին, նրանց շնորհել զինվորական կոչումներ, նրանց նկատմամբ իրականացնել կարգապահական իշխանություն, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ պաշտպանական հարցերով գտնվել ուղիղ ենթակայական հարաբերությունների մեջ:

Այս ամենի հետևանքով ունենք իրար կրկնորդող պաշտպանության նախարար և գլխավոր շտաբի պետ (նախկինի իներցիայի և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների պատճառով` շտաբի պետի գործառույթներում շտաբի պետին գերակայող նախարարի դերով), ահռելի, բայց ոչ արդյունավետ գործող աշխատակազմ և այլն: Այս ամենի վերջնական արդյունքը հետզհետե անկում ապրող կարգապահությունը և մարտունակությունն են: Այստեղից է առաջանում նաև այն անհեթեթ իրավիճակը, երբ գլխավոր շտաբի պետի ու գեներալների փոխարեն պաշտպանության նախարարն է հասարակության առջև պատասխան տալիս բանակում առկա արատավոր երևույթների համար: Պատասխան է տալիս, չունենալով վիճակը շտկելու համար անհրաժեշտ սահմանադրական և օրենսդրական լծակներ, իր գործով զբաղվելու փոխարեն ստիպված լինելով դրա համար նախատեսված ժամանակի հաշվին զբաղվելու գեներալների գործերով: Իսկ գեներալների ամենահստակ պարտականությունը թերևս խորհրդային վերապրուկի` պաշտպանության նախարարին կից կոլեգիայի` բրեժնևյան ժամանակներին բնորոշ նիստերին մասնակցելն է:

Արտասահմանադրական հարթությունում պաշտպանական համակարգի ձևավորումն ու գործառումը ոչ միայն խորհրդային իներցիայի և իրավական անգրագիտության, այլև անձնական ու հատվածական շահերի իրացման նպատակ հետապնդող կամայական լուծումների հետևանք է:

Եվս մի քանի տարի, և այս ինքնագոհ «համակարգը» ժամանակի և կյանքի պահանջներին ու մարտահրավերներին դիմագրավելու անկարողությունից վերջնական իզգոյացման է ենթարկվելու: Այն դիակ է դառնալու ոչ թե հակոտնյա ուժերի հարվածներից, այլ ինքնասպանության եղանակով: Եվ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության հարցը դարձյալ կդառնա օրակարգային:

Ակնհայտ է, որ անհրաժեշտ է պաշտպանական համակարգը Սահմանադրությանը համապատասխանեցնելու միջոցով ենթարկել լուրջ բարեփոխման: Պատասխանատու մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է քաղաքական կամք դրսևորեն և ընդունեն, որ նախորդ տարիների ընթացքում գործել են խորհրդային իներցիայով և ընդամենը պաշտպանական բարեփոխումների իմիտացիա են կատարել:

ԱՐԱ ԽԱՉՍՈՒՐՅԱՆ

No comments:

Post a Comment