Tert.am. 3-11-2010 - ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօրվա ասուլիսում ողջունեց «Ժառանգություն» կուսակցության՝ «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագիծ ներկայացնելու նախաձեռնությունը։ «Դա միջազգային հանրությանն ուղղված պատգամ է։ Սակայն այսօր անմիջապես ճանաչումը կարող է խանգարել Մինսկի գործընթացին։ Խելամիտ փոխզիջում էր հարցն ԱԺ օրակարգում պահելը»,– ընդգծեց նա։Անդրադառնալով Աստրախանում կայացած Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպմանը՝ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ որևէ արտառոց և անսպասելի բան տեղի չունեցավ։ Ըստ Արզումանյանի՝ Հայաստանը Ռուսաստանի կողմից տարբեր նախաձեռնություններում ընդամենը օգտագործվում է։ «Եթե Ռուսաստանին պետք է, երկարաձգում է ռազմաբազայի տեղակայման պայմանագիրը՝ առանց հաշվի առնելու Հայաստանի կարծիքը»,– նշեց նա։
Լինելով Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն, ըստ Արզումանյանի, կարևոր դերակատարություն ունի և այսօր միջազգային հանրությանը հասկացնում է, որ հիմնախնդրի լուծման բանալին Մոսկվայում է։ Ըստ նրա՝ հումանիտար և ոչինչ չասող քայլ էր գերիներին փոխանակման և զոհվածների մարմինները վերադարձնելու պայմանավորվածությունը։
Արզումանյանը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից էլ առաջընթաց չի ակնկալում։ Ըստ նրա՝ չի հասունացել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բեկումնային պահը։
«Կողմերը կսահմանափակվեն ընդհանուր հայտարարությամբ, կվերահաստատեն Մինսկի գործընթացը, ընդամենը կնշվի, որ հիմնախնդիրը Մինսկի շրջանակներում պետք է լուծվի, կողջունեն համանախագահներին՝ իրենց գործադրած ջանքերի համար։ Այսօր սեղանին դրված են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, որոնք բացարձակապես անընդունելի են թե Հայաստանի, թե ԼՂՀ համար, ընդունելի չեն նաև Ադրբեջանի համար»,– նշեց նա։
No comments:
Post a Comment