Aysor.am.18-11-2010- «Իրականացված զորավարժություններն ունեին ինչպես հստակ ռազմական` ստուգելու ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտունակությունը, այնպես էլ` քաղաքական նշանակություն: Սա հստակ ազդակ էր Ադրբեջանին, որ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ ռազմաքաղաքական հետևանքներ կունենա»,- անդրադառնալով նոյեմբերի 1-13-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի իրականացրած լայնամասշտաբ զորավարժություններին` նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ քաղաքագետի` զորավարժությունների ընթացքում օգտագործվել են ծանր և ռեակտիվ հրետանի, ռազմական զրահամեքենաներ, կիրառվել է 350-ից ավելի թրթուրավոր զրահամեքենա, տանկեր, ինչպես նաև` ռազմական օդուժ. «Այսինքն` առաջին անգամ տարածաշրջանային կտրվածքով տեղի են ունեցել զորավարժություններ` դիվիզիայի և բանակային կորպուսի մակարդակով»:
Մթության պայմաններում ռազմական գործողություններ վարելու մեթոդների մշակումը, ինչպես ասաց Ս. Մինասյանը, վկայում է այն մասին, որ արցախյան զորքերի զրահատեխնիկան արդիականացված է:
Խոսելով զորավարժությունների վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ռեակցիայի մասին` քաղաքագետը նշեց, որ այն ծիծաղելի էր, քանի որ լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ արցախյան բանակն օգտագործել է 350 տանկ և այլ ռազմական թրթուրավոր մեքենաներ, իսկ ադրբեջանական կողմն «արձանագրել է», թե իբր կիրառվել է ընդամենը 5-6 տանկ:
«Երբ տարիներ շարունակ ինքդ քեզ համոզում ես, որ դու հարուստ ես և ունես նավթի մեծ պաշար, կարող ես գնել տարբեր տեսակի զենքեր, և դա համոզում ես նաև ողջ աշխարհին, իսկ հետո պարզվում է, որ քո հակառակորդն ավելի լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացրել, դա Ադրբեջանին խորհելու առիթ է տալիս»,- ասաց նա` հավելելով, որ զորավարժությունները նաև քաղաքական մեսիջ էին` ուղղված Ադրբեջանին:
No comments:
Post a Comment