Friday, November 19, 2010

ԿՓՈԽՎԻ՞ ԹՈՒՐՔ-ԻՐԱՔՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

«ԱԶԳ», 19-11-2010 - Լիբանանյան «Աս Սաֆիր» պարբերականը, վկայակոչելով թուրքական եւ քրդական աղբյուրներ, գրում է, որ Իրաքի քրդաբնակ Դահուկ քաղաքում Թուրքիայի, Իրաքի եւ քրդական ինքնավարության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը քննարկվել է թուրք-իրաքյան սահմանագծում անցկացնելու հարցը: Հստակ արդյունքների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում: Այս սահմանագծումը վերաբերում է սահմանի` Խաբուր եւ Հիզիլ գետերի երկայնքով 40 կմ երկարությամբ հատվածին: Թուրք-սիրիական սահմանբաժանումը կատարվել է 1926թ. Թուրքիայի, Իրաքի եւ այն ժամանակ Իրաքի մանդատն ստանձնած Մեծ Բրիտանիայի միջեւ ստորագրված համապատասխան փաստաթղթով: Սակայն երկու երկրների համար տարիներ շարունակ խնդիր է եղել սահմանային անվտանգության ապահովումը` պայմանավորված սահմանի` երկար (331 կմ) եւ շատ հատվածներում դժվարանցանելի լինելով: Խնդիրն առավել սրվեց 1990-ական թթ.-ին, երբ անընդհատ բախումներ էին տեղի ունենում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների եւ թուրքական զինուժի միջեւ: Թուրքական կողմը խնդիրն առաջին անգամ բարձրացրել է դեռ Թուրգութ Օզալի նախագահության, ապա Թանսու Չիլլերի վարչապետության շրջանում: Սահմանի դեմարկացիայով` Թուրքիան նպատակ ունի առավել վերահսկելի դարձնել այն եւ կանխել ՔԱԿ-ի անդամների անօրինական սահմանահատումները, ինչպես նաեւ զինված հարձակումները: Ընդ որում` դեռ 1934թ. նույն կերպ վարվեց նաեւ Իրանը, որը սահմանագծումով կարողացավ զգալի կերպով արգելափակել քուրդ անջատողականների ներթափանցումն Իրանի տարածք: Թուրքական կողմը դեռ անցյալ տարվա հունիսին առաջարկել էր ստեղծել եռակողմ` թուրք-իրաքա-քրդական հանձնաժողով, որը, սակայն, կյանքի չկոչվեց:

No comments:

Post a Comment