Wednesday, November 3, 2010

ԿԵՂԾԻՔԻ ԱՆԱՏՈՄԻԱ

«ԱԶԳ, 03-11-2010 - Ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ կրկնել է «ազերպրոպի» բոլոր «թեզիսները»: Այդ թվում եւ «Խոջալուի ցեղասպանությունը»:
Թվում է, այդ թեման պետք է համարվեր փակված: Թեկուզ եւ այն պատճառով, որ Ադրբեջանի պաշտոնական ատյանները 18 տարի շարունակ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ ոչ Խոջալուի բնակչության, ո՛չ «զոհվածների եւ խոշտանգվածների», ո՛չ «գերվածների եւ անհայտ կորածների» իրական թվաքանակի հարցում:
Այսպես, Միլլի մեջլիսի հանձնաժողովի տվյալներով, «զոհերի» թիվը 485 է: «Մեմորիալի» անցկացրած հետազոտությունը նշում է, որ «Աղդամ է հասցվել շուրջ 200 դիակ: Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 181 դիակ, որից 130-ը` տղամարդու, 51-ը կնոջ, այդ թվում 13-ը` երեխայի: Փորձաքննությունը պարզել է, որ 151 մարդ սպանվել է հրազենից, 20-ը` ունեցել բեկորային վերքեր, 10 հոգու մահվան պատճառ նշվել են «բութ գործիքով հարվածները»: Մինչդեռ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի տարածած նամակում նշվել է, որ «սպանվել է 613 մարդ»:
Անկախ դիտորդները ենթադրում են, որ իրականությանը մոտ են դատաբժշկական փորձաքննության տվյալները: Իհարկե, նման դեպքերում սոսկական «համարքը» սրբապղծություն է: Բայց ի՞նչ կարող ես անել, եթե ադրբեջանական կողմն այլ հնարավորություն չի թողնում:
Թերեւս իմաստ չունի անդրադառնալ Այազ Մութալիբովի հարցազրույցին, չեխ լրագրող Դանա Մազալովայի բացահայտումներին, Էյնուլլա Ֆաթուլլաեւի տրամաբանական եզրահանգումներին: Վերջապես, կարիք չկա եւս մեկ անգամ հիշեցնելու «Խոջալուի գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովի օրագրային գրառումների մասին: Դրանք պարզորոշ վկայում են, որ Խոջալուի բնակչությունը եւ «քաղաքը պաշտպանող» զինվորները դարձել են իշխանություն-ընդդիմություն կատաղի մրցապայքարի զոհ:
Էական է թվում ցույց տալ, թե ի՞նչ «վկայությունների» վրա է «ազերպրորպը» կառուցում դեպքերի սեփական մեկնաբանությունը: Մեջբերենք դրանցից մեկը` «Իզվեստիա» պարբերականի թղթակցի շարադրանքով, որը նա ներկայացրել է ԱՊՀ ԶՈՒ օդաչու Լեոնիդ Կրավեցի խոսքերի հիման վրա. «Փետրվարի 26-ին ես Ստեփանակերտից վիրավորներ էի տեղափոխում եւ վերադառնում էի Ասկերանով»:
Ուշադրություն է հրավիրում օդաչուի ասածը «Ստեփանակերտից Ասկերանով վերադառնալու» մասին: Ստեփանակերտից Ասկերանով կարելի է վերադառնալ միայն Աղդամ: Կրավեցն, այսպիսով, փորձում է համոզել, որ այդ օրը` 1992 թ. փետրվարի 26-ին «Ստեփանակերտից վիրավորներ էր տեղափոխում» եւ «վերադառնում էր Ասկերանով»:
Սա ակնհայտ սուտ է: Քանի որ Ստեփանակերտից վիրավորներ դուրս են բերվել միայն մի ուղղությամբ` դեպի Երեւան: Հակառակը պնդելն անմտություն է:
Բայց հետեւենք օդաչուի «վկայությանը»: Նա ասում է. «Աչքիս զարնեցին ինչ-որ վառ բծեր` գետնի վրա: Ցածրացա: Եվ ահա իմ բորտմեխանիկը գոռաց. «Նայեք, այնտեղ կանայք եւ երեխաներ են»: Դե, արդեն ինքս էլ տեսնում էի մոտ 200 դիակ` ցրված լեռնալանջին, որոնց մոտ շրջում էին զինված մարդիկ»:
Պատկերացնելի՞ է, որ թռիչքային բարձրությունից, որքան էլ ուղղաթիռը ցածրացած լինի, օդաչուն հասցնի իսկույն հաշվել «մոտ 200 դիակ», տեսնի «նրանց մոտ շրջող զինված մարդկանց» եւ շարունակի հանգիստ թռչել` չզգուշանալով, որ «զինված մարդիկ» կարող են կրակել եւ կործանել իրեն: Այն էլ այն օդաչուն, ով «Ստեփանակերտից վիրավորներ էր տեղափոխում» եւ պիտի շահագրգռված լիներ, որ «վիրավորներին» րոպե առաջ տեղ հասցնի:
Կրավեցը շարունակում է. «Հետո մենք թռանք, որպեսզի վերցնենք դիակները: Մեզ հետ էր տեղական միլիցիայի մի կապիտան: Նա այնտեղ տեսավ իր 4-ամյա տղային` ջնջխված գլխով, եւ կորցրեց բանականությունը»:
Ո՞վ էր «տեղի միլիցիայի կապիտանը», ինչու՞ էր հայտնվել այնտեղ, որտեղից եկավ եւ «մոտ 200 դիակների» մեջ ինչպե՞ս գտավ «իր 4-ամյա տղային», երբ, ինչպես ռուս օդաչուն է ասում, իրենց «վրա կրակում էին»: Այս բանական հարցերը ոչ ոք չի հնչեցնում: Հնչեցվի էլ, հոդաբաշխ պատասխան չի հետեւելու:
Փոխարենը «Խոջալուի ցեղասպանության» նորանոր «դրվագներ» են հորինվում «փշալարերով ոտքերը կապոտած տատիկի եւ թոռնուհու», «ԲՏՌ-ից ճոպանով կապած եւ երկար ժամանակ քաշքշած դիակների», «գլխատվածների» եւ «գանգամաշկվածների» մասին:
Ոչ ոք, ինչպես ցույց են տալիս այդ «վկայությունների» նույնիսկ շատ թռուցիկ ուսումնասիրությունները, իրականում ոչինչ չի տեսել: Նրանք կամ վարձկան ստախոսներ են, ինչպես «օդաչու» Լեոնիդ Կրավեցը, կամ Աղդամ հասած լրագրողներ, որոնց ցույց են տվել գերեզմանափոսեր, փակ թափքածածկով բեռնամեքենանար եւ ասել, որ «դրանք լի են խոշտանգված դիակներով», կամ էլ լավագույն դեպքում նրանք տեսել են հեռուստա - լուսանկարչական կադրեր: Իսկ դա արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է:
Որտեղի՞ց է մեր այս վստահությունը:
Այլ աղբյուր փնտրել պետք չէ: Այն դեպքում, երբ Լենքորան քաղաքում «Խոջալուի անմեղ զոհերի հիշատակին» կանգնեցված հուշաքարին երկլեզվյա` ադրբեջաներեն եւ անգլերեն գրությունը հուշում է, որ «զոհվել է 63 երեխա», Իլհամ Ալիեւը ուկրաինական լրատվամիջոցներին ասել է, որ «սպանվել է 100-ից ավելի երեխա»: Ընդ որում, նա «զոհերի պաշտոնական թիվ» դարձյալ նշել է 613: Երեւի Մեջլիսի հանձնաժողովի տվյալներին չի հավատում, քանի որ ուսումնասիրությունները կատարվել են ավելի վաղ, քան «համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի երկրորդ հայտնությունը» տեղի կունենար:
Ի վերջո, իրականությունը հավանաբար այն է, որ 181 մարդ դարձել է ողբերգության զոհ: Դա միանգամայն հավանական թիվ է: ԱԺՃ գրոհայիններն իրոք կարող էին գիշերվա քողի տակ այդքան մարդ սպանել: Իսկ հետո վերադառնալ եւ հանգիստ անել իրենց սեւ գործի շարունակությունը: Եվ միայն մարտի 1-ին «կարողանալ հետ մղել հայ ջոկատայիններին եւ հնարավորություն ստեղծել», որ օտարերկրյա լրագրողները «տեսնեն հայերի գազանությունները»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:

Post a Comment