Wednesday, November 3, 2010

Դավիթ Շահնազարյան. Աստրախանի հռչակագրով Հայաստանն ընդունել է, որ պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ

News.am. 3-11-2010- Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո ընդունված հռչակագիրը լավ է որ ունի հումանիտար ուղղվածություն, սակայն այն ունի նաեւ շատ լուրջ եւ Հայաստանի ու Արցախի համար վտանգավոր քաղաքական ու միջազգային իրավունքի տեսակետից վտանգավոր բովանդակություն: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը:
«Նախագահների մակարդակով ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Հայաստանը ընդունել է, որ ինքը գտնվել եւ գտնվում է Ադրբեջանի հետ պատերազմի մեջ: Ցավոք, դա ըստ այս փաստաթղթի, դժվար է վիճարկել: Ընդ որում երրորդ կողմ չկա: Եթե երկու պետություններ պայմանավորվածության են գալիս ռազմագերիների փոխանակման մասին, դրանից բխում է, որ նրանց միջեւ կա պատերազմ»,- նկատեց ընդդիմադիր գործիչը, հավելելով, որ «ռազմագերի» եզրը միջազգային իրավունքով հստակ սահմանված է, եւ վերաբերում է միայն պատերազմող երկրներին:
«Առաջին անգամ է դա տեղի ունենում: Եւ սրանից հետո այն չնչին հնարավորությունները, որոնք մնացել էին, որ Ղարաբաղին կարելի է երբեւէ վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, արդեն գոյություն չունեն: Մի քանի ամիս առաջ եռանախագահող երկրների հայտարարություններում արդեն հայտնվեց, ավելին ամրագրվեց «օկուպացված տարածքներ» խոսքը, իսկ Աստրախանից հետո արդեն ակնհայտ է դառնում, թե ով է օկուպացնող կողմը»,- նշեց Դ. Շահնազարյանն ու հավելեց. «Այս փաստաթղթով Ադրբեջանը ստացել է շատ լուրջ ձեռքբերում, եւ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան դեռ լռում են, դա ոչինչ չի նշանակում: Ադրբեջանը ունեցավ ավելի մեծ ձեռքբերում, ավելին, քան նախկինում միջազգային ասպարեզում ստացած ձեռքբերումները»:

No comments:

Post a Comment