«Լրագիր» 29-11-2010- Բրյուսելում պետք է տեղի ունենա Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների շնորհանդեսը: Կազմակերպության հիմնադիրներից Մայքլ Քեմբեքը Lragir.am-ին տված հարցազրույցում իր զարմանքն է հայտնել հայ հասարակության մեջ հարցման վերաբերյալ բացասական արձագանքի կապակցությամբ:Հարցումը, որին Հայաստանում մասնակցել է 12010 եւ Ղարաբաղում 804 մարդ, ներառում է ինչպես ներքին կյանքը, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերը, մասնավորապես ղարաբաղյան կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունը: Հայաստանում հարցման շնորհանդեսից հետո հայտնվեցին հրապարակումներ, որոնցում վիճարկվում էր դրա անկողմնակալությունը եւ արժանահավատությունը: Մասնավորապես, կասկածներն առնչվում էին կուսակցությունների ու գործիչների վարկանիշերին, ինչպես նաեւ` մեզ համար կարեւոր, ղարաբաղցիների տեսակետին կարգավորման ուղիների վերաբերյալ:
Մայքլ Քեմբեքի խոսքով, 2009-ի գարնանը իրենց կազմակերպության ստեղծման նպատակը Հայաստանն ու Ղարաբաղը եվրոպացիների համար բացահայտելու ցանկությունն էր: Եվրոպայում կարծում են, թե Ղարաբաղում մինչ օրս ապրում են թալիբների պես մարդիկ, իսկ մենք ուզում ենք ցույց տալ, որ դա նորմալ երկիր է, իր հասարակությամբ, խնդիրներով, ժողովրդավարական գործընթացներով, ասում է Քեմբեքը: “Մենք ցանկանում են մինչ Աստանայի վեհաժողովը Բրյուսելում ներկայացնել հարցման արդյունքը”, նշել է Հայաստանի եվրոպական բարեկամը:
Հարցման եզրահանգման մեջ նշվում է, թե Ղարաբաղի ժողովուրդը միանշանակ չի ուզում պատերազմ, հանդես է գալիս առաջին գծից դիպուկահարներին հետ քաշելու եւ միջազգային դիտորդներ տեղակայելու օգտին: Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էին դիտորդների հարցին եւ նշել, որ նախորդ բոլոր հարցումները արձանագրել են նման ցանկության բացակայությունը Ղարաբաղում եւ նույնիսկ Ադրբեջանում: Մեր հարցինՄայքլ Քեմբեքը պատասխանել է, թե հարցաթերթիկներում չի եղել նման ուղղակի հարցադրում: Մեզ հետ զրույցում նա նշել է, թե միջազգային դիտորդների առկայությունը համարում է ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիք: Ընդ որում, նա հայտնել է, թե կազմակերպությունը հրատարակման է պատրաստում “Ինչպես խուսափել հաջորդ պատերազմից” գիրք:
Հնարավոր է, այլ պայմաններում, Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրության զարգացած ինստիտուտի առկայության պարագայում Եվրոպական բարեկամների հարցումը ոչ ոք չնկատեր էլ, սակայն Հայաստանում արդեն քանի տարի տիրող սոցիոլոգիական լռության մեջ այս հարցումը կրակոցի պես հնչեց: Բացի այդ, Հայաստանի սոցիոլոգիական ծառայությունները վարկաբեկել են ինքզինքը քաղաքական պատվերներով, դրա համար էլ ցանկացած հարցման վերաբերվում են անվստահությամբ եւ որոնում պատվիրատուին:
Մայքլ Քեմբեքն ասում է, թե իրենք պատվիրատուներ չունեն, եւ պարզապես ցանկանում են կամուրջներ գցել հայաստանի ու Եվրոպայի միջեւ: Արդեն իրագործված ծրագրերի թվում նա նշել է Երեւանում Հայաստան-ՆԱՏՕ կոնֆերանսը, ինչպես նաեւ Մարշալի հիմնադրամի հետ համատեղ Բրյուսելում հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ կոնֆերանսը: “Մենք կցանկանայինք հայաստանի բարեկամների խումբ հավաքել Եվրոպայում: Եւ հիմնական գաղափարը` Հայաստանը Եվրոպայում ներկայացնել ոչ թե հայերի, այլ եվրոպացիների միջոցով, ինչն ավելի արդյունավետ է”, ասում է Մայքլ Քեմբեքը:
Իսկ ինչո՞ւ Եվրոպան չգիտե Հայաստանի մասին: Մայքլ Քեմբեքը համարում է, որ, առաջին հերթին` Հայաստանը փոքր երկիր է, երկրորդ` նա չի հաստատում Եվրոպայի հետ ռազմավարական ենթակառուցվածքներ. “Հենց որ Վրաստանի նախագահը հայտարարեց, որ իր երկիրը ձգտելու է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, հետաքրքրությունն այդ երկրի հանդեպ կտրուկ մեծացավ: Հայաստանից, ցավոք սրտի, դեռեւս չեն եղել այդպիսի ազդակներ”, հայտարարել է Մայքլ Քամբեքը:
Նա նշում է, որ Եվրոպայում, օրինակ, այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին, ստեղծվեց տպավորություն, թե մեղավորը Հայաստանն է: “Մենք կուզեինք, որ Եվրոպայում իմանային Թուրքիայի խաղերի մասին, մենք ուզում ենք, որպեսզի այդ գործընթացը լինի հաջող, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես վարվեց Թուրքիան Կիպրոսի հետ”, ասում է Մայքլ Քեմբեքը: Նա նշում է, որ սփյուռքի, դիվանագիտական կորպուսի հետ աշխատանքի շնորհիվ իրենց ազդակը հասավ Եվրոպային:
Սահմաններում ամառային միջադեպերից հետո հրատապ դարձավ Ղարաբաղի խնդիրը, եւ նրանք ցանկություն ունեն ձեռնարկել քայլեր, որոնք Եվրոպային կարող էին շահագրգռել քայլեր ձեռնարկել Ղարաբաղում պատերազմ թույլ չտալու մասին: “Եվ հարցը եվրոպական օրակարգում կլինի այն չափով, ինչ չափով մենք դրան հետամուտ կլինենք”, ասում է Մայքլ Քամբեքը:
Նա ասում է, թե հասկանում է որ այդ հարցերը հեշտ չեն լուծվում, բայց ուրախ է, որ հասել են կետի, երբ այդ հարցերը սկսել են քննարկվել:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
No comments:
Post a Comment