Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, որը ընտրական Եվրո 2012 մրցաշարի շրջանակում մարտի 28-ին տեղի կունենա Երեւանում, անցկացվելու է Հանրապետական մարզադաշտում: Այդ կապակցությամբ Ռեգնումը հաղորդում է, որ Ռուբեն Հայրապետյան ասել է, թե գերադասում են, որ հավաքականը խաղա նորմալ խոտածածկի վրա: “Վերջիվերջո, մենք չենք ուզում, որ մեզ տուգանեն ՈՒԵՖԱ-ի չափանիշներին առավել տարողունակ Հրազդան ստադիոնի չհամապատասխանելու համար: Մենք չենք վազում տոմսերի վաճառքի գերշահույթի հետեւից: Կան ավելի կարեւոր հարցեր”, հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:Եթե խոսքը խոտածածկի որակի մասին է, ապա Ռուբեն Հայրապետյանը թերեւս իրավացի է, որ Հրազդանում այն մեղմ ասած բարվոք չէ: Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ի չափանիշներին չհամապատասխանելուն, ապա զարմանալի է, որ 2008 թվականի սեպտեմբերին Հրազդան ստադիոնը համապատասխանում էր ՈՒԵՖԱ-ի չափանիշներին, իսկ այժմ չի համապատասխանում, եւ հայկական կողմը կարող է տուգանվել: Չէ որ 2008 թվականի սեպտեմբերին այնտեղ տեղի ունեցավ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:
Ինչ կար այն ժամանակ Հրազդանում, որ ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան էին, եւ ինչ չկա այժմ, որ չափանիշները կարող են չբավարարվել: Թե 2008-ին էլ չափանիշի չհամապատասխանության խնդիր կար, սակայն գերակա համարվեցին ավելի մեծ` քաղաքական չափանիշները, որոնք հաշվի առնելով էլ ՈՒԵՖԱ-ն որոշեց աչք փակել Հայաստան-Թուրքիա խաղը Հրազդան ստադիոնում անցկացնելու գաղափարի վրա:
Չի բացառվում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մտավախություն ունեն, որ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում էլ ստադիոնը չի լցվի գոնե կիսով չափ, ինչպես Թուրքիայի հանդիպման ժամանակ էր: Դա թերեւս նշանակում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականների խաղին ծրագրվում է տոմսերի բավական բարձր գին սահմանել: Այլապես, եթե ֆեդերացիան կարողանար գնային սահմանը պահել ասենք Հայաստան-Անդորրա մակարդակին, ապա կարելի է թերեւս չկասկածել, որ մեր հավաքականի ներկայիս խաղի եւ մրցաշարային արդյունքի շնորհիվ գուցե Հրազդան ստադիոնն էլ չբավականացներ խաղը դիտել ցանկացող երկրպագուներին:
Իսկ միգուցե խնդիրն ամենեւին էլ դատարկ ստադիոնի մտավախությունը չէ, այլ այն, որ գուցե ցանկություն չկա Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում մոտ 70 հազարանոց լիքը ստադիոն տեսնել: Միգուցե ինչ որ տեղ մտավախություն է եղել, որ նույնիսկ թանկ տոմսերի պարագայում հանդիսատեսը կարող է գնալ, քանի որ ներկայում բոլորի մոտ հույս կա, որ Հայաստանի հավաքականը ներկայիս խաղամակարդակը պահպանելու դեպքում կարող է եւ հաղթել ռուսներին ու լրջորեն հավակնել ընտրական մրցաշարում առնվազն երկրորդ տեղի համար իրական պայքար մղելուն: Այսինքն, միգուցե որեւէ տեղում անցանկալի է դիտվել ռուսների դեմ 70 հազար երկրպագու “հանելը”, ինչից ռուսները կարող են շփոթվել: Ավելի նախապատվելի են Հանրապետական ստադիոնի 15 հազարը:
Իսկ որ դա իրապես լինելու էր ռուսների դեմ “դուրս եկած” երկրպագուների բանակ, թերեւս կասկած չկա, եւ դա անկախ քաղաքական պահերից: Բանն այն է, որ ինչ հավաքական էլ ներկայում գա Երեւան, դատելով 2010 թվականի հավաքականի ցուցանիշից, երկրպագուների բանակը դուրս է գալու այդ հավաքականի դեմ, քանի որ հավատի որոշակի չափաքանակ է առաջացել սեփական հավաքականի հանդեպ: Սակայն, ոմանց համար գուցե թարսի պես, այս պահին հենց Ռուսաստանի հավաքականն է Երեւան գալու:
ԽՈՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
No comments:
Post a Comment